Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմը հարցականի տակ է». Շուլց

11:30, կիրակի, 29 մայիսի, 2016 թ.
«Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմը հարցականի տակ է». Շուլց

Եվրոխորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հարցականի տակ է դրել Թուրքիայի հետ 2016 թվականի հոկտեմբերից առանց վիզայի ռեժիմի սահմանումը: Այդ մասին նա հայտարարել է Welt am Sonntag գերմանական թերթին տված հարցազրույցում:

Եվրոխորհրդարանի նախագահի խոսքերով՝ Բրյուսելն սպասում է, որ մինչև Անկարայի հետ վիզային ռեժիմի ազատականացման մասին ԵՄ-ի որոշման ընդունումը Թուրքիան առաջընթաց ցույց կտա բարեփոխումների իրականացման գործընթացում, մասնավորապես` տվյալների պաշտպանության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում:

«Թուրքիայի խորհրդարանում համապատասխան օրենքներում փոփոխություններ սահմանելու մասին բանավեճերը պետք է անհապաղ սկսել: Եթե դա տեղի չունենա, եվրոպական ինստիտուտները չեն կարողանա այլևս հետևել հայտարարված ժամկետներին: Այդ դեպքում ես չեմ պատկերացնում, թե ինչպես հնարավոր կլինի հոկտեմբերին առանց վիզայի ռեժիմ սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար»,- ընդգծել է նա:

Շուլցը նաև քննադատել է սպառնալիքները, որոնք ավելի վաղ հնչեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ հայտարարելով, որ Անկարան կարող է խզել ԵՄ-ի հետ փախստականների հարցով համաձայնությունը: Շուլցի կարծիքով՝ սպառնալիքներն «ադեկվատ քաղաքական մեթոդ» չեն, իսկ նման արտահայտությունները ոչ միայն «չեն ազդի եվրոպացիների վրա», այլև կբերեն հակառակ արդյունքի:

4352 | 0
Facebook