«Սպասում էինք, որ պաշտպանն ասեր նաև Քոչարյանի «հինգաստղանի» խցի ջերմաստիճանի, զարկերակային ճնշման և ախորժակի մասին». Դանիել Երաժիշտ
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը «Ֆեյսբուք»-ում գրել է. Վերջին իրադարձությունները «հուշեր» են արթնացնում: Մի ամերիկացի որոշել էր կատակել մեծ կատակասեր Մարկ Տվենի հետ: Նամակ էր գրել հետևյալ բովանդակությամբ. «Հարգելի պարոն Տվեն, տեղեկացնում եմ Ձեզ, որ ես ինձ շատ լավ եմ զգում, այնպես որ մի՜ անհանգստացեք»: Թվում է, թէ այստեղ ոչ մի արտառոց բան չկա: Բայց բանն այն է, որ նա նամակը ուղարկել է առանց դրոշմանիշի: Իսկ դա նշանակում է, որ հասցեատերը պիտի վճարի այն ստանալու համար: Այսպես, Մարկ Տվենը ստիպված է լինում ոչ միայն վճարել, այլ. կարդալ այդ անհեթեթ նամակը: Մինչդեռ հատուցումը չի ուշանում: Շուտով այդ կատակասերը փոստից ծանուցագիր է ստանում: Գնում է փոստ և ստանում մի մեծ ծանրոց: Տանջվելով տանում է տուն, բացում, ու տեսնում մի մեծ քար և կից երկտող. «Հարգելի պարոն, երբ իմացա, որ Դուք Ձեզ լավ եք զգում, հանգստացա, սրտիս քարն ընկավ, և այդ քարն էլ ուղարկեցի Ձեզ»: Նույնը տեղի ունեցավ ինձ հետ, կարծում եմ և մեր ժողովրդի հետ, երբ Լրաբերով լսեցինք Քոչարյանի պաշտպանի հարցազրույցը թղթակիցների հետ: Նա այնքան հոգատար և քնքուշ էր խոսում Քոչարյանի մասին, նրա բանտային պայմանների մասին, որ անտեղյակին կթվար, թե նորածին երեխայի մասին է խոսքը: Ասում էր, որ Քոչարյանը մարզվելու հնարավորություն ունի, օրը մեկ ժամ մաքուր օդ է շնչում, շարունակում է իր գիրքը գրել և այլն: (Մի խոսքով, ինչպես «շեֆի» մասին անեկդոտում է ասվում. «Մե՜ ուրախություն, մե՜ ուրախություն..): Անհամբեր սպասում էինք, որ նա ասեր նաև Քոչարյանի և իր «հինգաստղանի» խցի ջերմաստիճանի, մասին, նրա զարկերակի, «ՃՆՇՄԱՆ» և ախորժակի մասին: Բայց հույս ունենք դա էլ կիմանանք, հաջորդ անգամ: |