Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնը կնվիրվի Գրիգոր Եղիազարյանի 110-ամյակին

23:05, շաբաթ, 24 փետրվարի, 2018 թ.
Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնը կնվիրվի Գրիգոր Եղիազարյանի 110-ամյակին

Մարտի 5-9-ը Երևանում կանցկացվի հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնը։ Ամենամյա երաժշտական այս նախագիծը յուրաքանչյուր տարի նվիրվում է հայ կոմպոզիտորական դպրոցի երախտավորներից մեկին։ Այս տարի փառատոնը նվիրված է կոմպոզիտոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գրիգոր Եղիազարյանի 110-ամյակին։

Գրիգոր Եղիազարյանը հայ արդի կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրներից է։ Նրա սաներից են Ալեքսանդր Աճեմյանը, Էմին Արիստակեսյանը, Գրիգոր Հախինյանը, Էդգար Հովհաննիսյանը, Գեղունի Չթչյանը, Մարտուն Իսրայելյանը և բազմաթիվ այլ կոմպոզիտորներ։ Գրիգոր Եղիազարյանը ստեղծագործել է հիմնականում սիմֆոնիկ և բալետի ժանրերում, գրել է սիմֆոնիկ պոեմներ, սիմֆոնիա, բալետներ, ռոմանսներ, թատրոնի և կինոերաժշտություն։

Նշենք, որ անցած տարիների ընթացքում փառատոնի շրջանակներում ծավալուն աշխատանք է կատարվել. թվայնացվել են ավելի քան 50 հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ, ձայնագրվել են ավելի քան 200 ստեղծագործություններ, կատարվել են հայ կոմպոզիտորների 150-ից ավելի ստեղծագործությունների պրեմիերաներ:

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակներում թվայնացվել են նաև Գրիգոր Եղիազարյանի ստեղծագործությունների նոտաները։ Նրա ստեղծագործությունների նոտաները հիմնականում ձեռագիր վիճակում են և շատ վատ պահպանված։ Մի քանի գործեր հրատարակվել են 1930-40-ական թվականներին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կոնսերվատորիայի, անհատների արխիվներից հայտնաբերել է Գրիգոր Եղիազարյանի կամերային գործերը, փորձում են գտնել նաև կոմպոզիտորի սիմֆոնիկ ստեղծագործությունները՝ դրանց նոտաները վերականգնելու և հետագայում երկացանկերում ընդգրկելու համար։

Գրիգոր Եղիազարյան ֆեստի ընթացքում կանցկացվեն 5 համերգային երեկոներ, որոնց ընթացքում կներկայացվեն ինչպես Գրիգոր Եղիազարյանի, այնպես էլ նրա սաների և ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնը կնվիրվի Գրիգոր Եղիազարյանի 110-ամյակին
Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնը կնվիրվի Գրիգոր Եղիազարյանի 110-ամյակին

Փառատոնային համերգներին կհնչեն Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Սիմոն Հովհաննիսյանի, Գագիկ Հովունցի, Վալերի Սարգսյանի, Վաղարշակ Կոտոյանի, Գեղունի Չթչյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Բարսեղ Կանաչյանի, Ստեփան Լուսիկյանի, Էդուարդ Աբրահամյանի, Վաչե Շարաֆյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

3355 | 0
Facebook