Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՊՆ փոխգնդապետը 700 դոլար կաշառք է վերցրել. ՀՔԾ

17:45, երեքշաբթի, 23 հունվարի, 2018 թ.
ՊՆ փոխգնդապետը 700 դոլար կաշառք է վերցրել. ՀՔԾ

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ պաշտպանության նախարարության զորամասի հրամանատարի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, նրան կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում դեռևս 2017-ի մայիսից քննվող քրեական գործը:

Այսպես, 26.05.2017-ին Լ. Մ-ն հաղորդում է տվել, որ ամուսնու` Ա. Մ-ի հետ, իրենց որդուն` ժամկետային զինծառայող Ա. Մ-ին ՀՀ ՊՆ գումարտակի փոքր ստորաբաժանում տեղափոխելու և ծառայության նշանակելու համար ՀՀ ՊՆ սպա, փոխգնդապետ Վ. Յ-ի միջոցով 336.392 ՀՀ դրամին համարժեք 700 ԱՄՆ դոլար կաշառք են տվել նշված գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Գ. Խ-ին, որի արդյունքում իրենց որդին ծառայության է տեղափոխվել իրենց նախընտրած ստորաբաժանում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով և 313-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վ. Յ-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խարդախությամբ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ՀՀ ՊՆ զորամասի գումարտակի հրամանատար Գ. Խ-ին, իբրև, կաշառք տալու միջոցով նույն գումարտակի ժամկետային զինծառայող Ա. Մ-ին այլ ստորաբաժանում տեղափոխելու համար, վերջինի ծնողներից խաբեությամբ հափշտակել է 336.392 ՀՀ դրամին համարժեք 700 ԱՄՆ դոլար գումար:

Այնուհետև Վ. Յ-ն, օգտագործելով վերը նշված գումարտակի հրամանատար, նախկինում իր ենթակայությամբ ծառայած Գ. Խ-ի հետ իր ունեցած ընկերական փոխհարաբերությունները, համոզելու եղանակով վերջինի դրդել է Ա. Մ-ին տեղափոխել նույն գումարտակի` համեմատաբար թեթև պայմաններում ծառայություն իրականացնող ստորաբաժանում: Գ. Խ-ն իր նախկին հրամանատարի խնդրանքին ընդառաջելու անձնական շահագրգռվածությունից դրդված` չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, ժամկետային զինծառայողին տեղափոխել է այլ ստորաբաժանում:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Վ. Յ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 5-րդ կետերով և 38-375-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Գ. Խ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով:

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` հիշյալ քրեական գործը 19.01.2018-ին ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն` հետագա նախաքննությունը շարունակելու համար:

5432 | 0
Facebook