Ջիգարխանյանի թատրոնից 80 միլիոն ռուբլի է անհետացել
Ինչպես հայտնի է, Արմեն Ջիգարխանյանի և նրա կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ընտանեկան սկանդալի ֆոնին ֆինանսական ստուգումներ են սկսվել Ջիգարխանյանի հիմնած և նրա անունը կրող դրամատիկական թատրոնում, որը 2 տարի ղեկավարել է 38-ամյա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան: Комсомилская правда-ի հաղորդմամբ՝ 82-ամյա Ջիգարխանյանի մտերիմներից մեկը, որը չի ցանկացել հրապարակել անունը, պատմել է, որ տարիներ շարունակ Ջիգարխանյանի թատրոնը ֆինանսավորել է հայ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը, ով գումարները փոխանցել է մոսկվայաբնակ գործարար, Ջիգարխանյանի մտերիմ ընկեր Արթուր Սողոմոնյանի միջոցով: Սողոմոնյանն էլ պատմել է, որ այժմ թատրոնում իրականացվում են ստուգումներ, որպեսզի հնարավոր լինի պարզել՝ ով և ինչքան գումար է գողացել մշակութային հաստատությունից: Նա հայտնել է, որ Ջիգարխանյանի սենյակում գաղտնի տեսախցիկ է տեղադրված եղել, որն ամեն ինչ ֆիքսել է: «Մեր բողոքի հիման վրա քրեական գործ է հարուցվել, Վիտալինան ու նրա շրջապատը պատասխանատվության են ենթարկվելու: Այդ պատճառով էլ նա երկրից հեռացավ»,- ասել է Սողոմոնյանը: Նա պատմել է, որ նախքան իրավապահների գալը Վիտալինան հասցրել է աշխատասենյակից հեռացնել ամբողջ ֆինանսական թղթաբանությունը, ինչը վկայում է, որ կինը թաքցնելու բան է ունեցել: Իրավապահ մարմիններից հայտնել են, որ Վիտալինայի ղեկավարման օրոք թատրոնից օֆշորներ է հանվել մոտ 80 միլիոն ռուբլի: Լրատվականը պարզել, որ 2017թ. 3-րդ եռամսյակում Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան մոտ 2 մլն ռուբլի է վաստակել, մինչդեռ հեռուստատեսային շոուներից մեկի ժամանակ նա հայտարարել էր, թե ամսական ընդամենը 40.000 ռուբլի աշխատանավարձ է ստանում: |