Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«1 շիշ օղուց մինչև 100 հազար դրամ». ինչպես կարելի է «Իգլա» ձեռք բերել և տեղափոխել. Վովա Վարդանովի բացահայտումը

13:05, հինգշաբթի, 23 մարտի, 2017 թ.
«1 շիշ օղուց մինչև 100 հազար դրամ». ինչպես կարելի է «Իգլա» ձեռք բերել և տեղափոխել. Վովա Վարդանովի բացահայտումը

Երեկ ԱԱԾ–ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որ 2017թ. մարտին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում նախնական տեղեկություններ են ստացվել` ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստան «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու մասին։ Արդյունքում հայտնաբերվել և առգրավվել էր «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրի արձակման խողովակ՝ «9M39» հրթիռով։
     Այնուհետև նշվեց երեք ձերբակալվածների մասին, որոնց թվում է Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։
     Ինչ է իրենից ներկայացնում «Իգլան» և միթե ցանկացած քաղաքացի առանց որևէ խոչընդոտի կարող է ձեռք բերել և տեղափոխել այն:
     Ռազմական փորձագետ Վովա Վարդանովը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, նշեց, որ «Իգլան» ուսի վրայից կրակող զենք է. «Մեկ հոգի կարող է աշխատեցնել այն: Բեռնատար մեքենայի մեջ հնարավոր է թաքցնել, տեղափոխել, խողովակ է՝ մոտավորապես 15-20 սմ տրամագծով»:
     Արդյոք հե՞շտ է ձեռք բերելը՝ հարցին, այսպես պատասխանեց. «Կարող ես ձեռք բերել 1 շիշ օղով նույնիսկ, մինչև 100 հազար դրամ…»:
     Անդրադառնալով Սամվել Բաբայանի ձերբակալմանը և այդ պատմության շուրջ հնչող կարծիքներին, թե իշխանություններն ընտրություններից առաջ նպատակային մեկուսացրեցին նրան, ասաց. «Բաբայանին մեկուսացնելու համար շատ բան պետք չէ, որովհետև նա շատ խիզախ է: Այդ խիզախությունը հաճախ նրան դրդում է քայլերի, որոնք կիսով չափ անօրինական են, ինչը միշտ էլ կարող էին որպես առիթ օգտագործել: Հնարավոր է՝ ընտրություններից առաջ, ասենք, ինքն ավելի շատ կիսաօրինական բաներ է թույլ տվել…»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ «Իգլայի պահը» մի փոքր կասկածելի է:
     «Ազգային Անվտանգությունն, իմ իմանալով ամենախելացի մարդկանց մեծ տոկոսն է կազմում ուժային կառույցներում, եթե նրանք դա առգրավեին սահմանի վրա ու դա կապված լիներ Բաբայան Սամվելի անձի հետ, միանգամից չէին բռնի. կհետևեին, կֆիքսեին, բոլոր մարդկանց կբացահայտեին, հազարումի հարցեր կլուծվեր, այն կդարձնեին մեծ օպերացիա, բազմաթիվ մարդիկ գնդապետի կոչումներ կստանային, հետո նոր կձերբակալեին»:
     Փորձագետը, սակայն, չբացառեց, որ դա կարող էր նաև անսպասելի հայտնաբերված լինել. «Սրա մեջ չի բացառվում նաև ֆիդայական շարժման կապը, որն իր հերթին փորձում է երկրին պիտանի լինել, որովհետև 90-ական թվականներին հենց այս ձևով էր ամեն ինչ գալիս Հայաստան»,- ասաց Վ. Վարդանովը՝ հույս հայտնելով, որ հետաքննությունը միգուցե կպարզի ամեն ինչ:

10062 | 1
Facebook