Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ա. Օսկանյանի գործով քննիչներին հիշեցնեմ, որ ԱԺ պատգամավորներից մի քանիսը բազմիցս խոստացել են բռնություն գործադրել». Հրանուշ Խառատյան

17:45, շաբաթ, 18 փետրվարի, 2017 թ.
«Ա. Օսկանյանի գործով քննիչներին հիշեցնեմ, որ ԱԺ պատգամավորներից մի քանիսը բազմիցս խոստացել են բռնություն գործադրել». Հրանուշ Խառատյան
     Վատ է, իհարկե, որ պարոնայք Հ. Սիրադեղյանը և Ա. Օսկանյանը առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ են հնչեցրել իրենց պարտատիրոջը: Վստահ չեմ, որ այսքանը բավական է մարդկանց ձերբակալելու համար, բայց գուցե քննիչներն այլ տեղեկությունների նույնպես տիրապետում են: Սույն գործով քննիչներին հիշեցնում եմ, որ դեռևս գործող ԱԺ պատգամավորներից մի քանիսը բազմիցս խոստացել, սպառնացել են հանել առանձին քաղաքացիների աչքերը, կոտրել ծնոտը, փորը թափել, լեզուն կտրել և այլ այս կարգի՝ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու խոստումներ: Ամենօրյա կյանքում առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնում, ոչ հազվադեպ իրակացնում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության շարքային շատ ներկայացուցիչներ և սպաներ: Հայաստանի Հանրապետությունում առնվազն մեկուկես միլիոն մարդ տառապում է ոչ միայն առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներից, այլ հենց գործադրված քաղաքական բռնությունից, որի հետևանքով խիստ թանկացած կյանքը ծանր բռնություն և բռնությունների առիթ է դառնում քաղաքացիների համար և նրանց նկատմամբ: Կյանքի փորձի դասից ենթադրելով, որ պարոնայք Հ. Սիրադեղյանի և Ա. Օսկանյանի ձերբակալությունն առնչվում է նախընտրական կանխարգելիչ միջոցառումներին, մասնավոր ուշադրություն եմ հրավիրում ընտրական գործընթացքրում հաճախ բռնություններ կիրառող անձանց կողմից առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքների կրկնվող ավանդույթին: Գուցե արժե՞ նախընտրական շրջանում ընտրությունների ժամանակ ավանդականացած բռնությունների և բռնությունների սպառնալիքների կանխարգելիչ գործողությունները հստակեցնել, իրավապահ մարմիններին բավականաչափ հայտնի է իրական բռնություններ իրականացնողների իրական ցանկը, հատկապես, որ լրատվամիջոցները կյանքի համար սպառնալի իրավիճակներում այդ տեղեկությունները ձեռք են բերում և հրապարակում:
4596 | 4
Facebook