Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Համացանցը քննարկում է Սերժ Սարգսյանի հայտարարությունը

հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2019 թ.
Համացանցը քննարկում է Սերժ Սարգսյանի հայտարարությունը

Ինչպես արդեն հայտնել էինք, Անդրանիկ Մարգարյանի քաղաքական դպրոցի շրջանավարտներին վկայականների հանձնման արարողությունից հետո շրջանավարտներից մեկի հարցին, թե արդյոք չի՞ վախենում, որ ձերբակալությունների շղթան իրեն էլ կհասնի, Սերժ Սարգսյանը պատասխանել էր. «Իմ անձի հետ կապված ես վախենալու որևէ բան չունեմ, եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը կհամարվի ամբողջովին բացահայտված, մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, ԼՂ բանակցությունները կվերադառնան ճիշտ ուղի, թող ձերբակալեն...»:

Այս թեման մեկնաբանել են`

Արթուր Սաքունց, իրավապաշտպան

Արթուր Սաքունց, իրավապաշտպան

Մի կարևոր դիտարկում. Սերժ Սարգսյանն իր հայտարարությամբ փորձում է ամբողջությամբ նենգափոխել տեղի ունեցող զարգացումների տրամաբանությունը, թե իբր ցանկությամբ են մարդկանց ձերբակալում:


Կարելի էր ընդհանրապես ուշադրություն չդարձնել նման իբր թե պատահական, բայց իր ողջ էությամբ էժանագին, պրիմիտիվ մանիպուլյացիային, եթե ասեր ցանկացած մեկը, բայց ոչ Սերժ Սարգսյանը:


Ուրեմն այսպես:


Ձեր ժամանակ էր գործում օրինաչափությունը, երբ Բաղրամյան 26-ում էիք որոշում, թե ո՞ւմ ձերբակալել կամ կալանավորել, կամ ո՞ւմ չձերբակալել կամ չկալանավորել, կամ ո՞ւմ դատապարտել կամ չդատապարտել, կամ ո՞ւմ նկատմամբ քրեական գործ հարուցել կամ չհարուցել:


Ձեր ժամանակ էր, որ Մելիք Ադամյանում ՀՀԿ կարկառունների հավաքով որոշում էիք, թե ում դոդ անվանեն կամ ում դոդ չանվանեն, կամ ով զբաղվի քաղաքականությամբ, կամ չզբաղվի, կամ ով է օդում կախված լուրերի համաձայն հարկ վճարում, կամ չվճարում, և ում գլխին բամփել, կամ չբամփել, կամ թե հաճույքից թուլանան, իմանալով, թե ում ձեռքին է «չագուչն ու մեխը», կամ ոհմակի նման ում վրա հարձակվել կամ չհարձակվել: Հետհեղափոխական Հայաստանում, ոʹչ Ձեր, ոʹչ էլ Նիկոլ Փաշինյանի, կամ էլ որևէ այլ մեկի ցանկությամբ չեն կարող որևէ մեկին ձերբակալել, կամ չձերբակալել, կալանավորել կամ չկալանավորել, դատապարտել կամ չդատապարտել, կամ քրեական գործ հարուցել կամ չհարուցել:


Իսկ ներկայումս այն ահռելի քանակով կատարված հանցագործություններից միայն շատ փոքր մասով է քրեական գործեր հարուցված, որոնք չէին կարող հարուցվել Ձեր ժամանակ, ոչ թե այն պատճառով, որ հիմնավոր չէին (վկա պանամյան կամ կիպրոսյան օֆշորների խայտառակ փաստաթղթերը Ձեր ԴԱՀԿ պետի և Ձեր վարչապետ մասնակցությամբ), այլ որ գործում էր Ձեր բարձր հովանու ներքո անպատժելիությունը:


Իսկ Ձեր և Ձեր կարկառունները պետք է օրենքի ուժով և միմիայն օրենքով կրեն պատասխանատվությունը համակարգային կոռուպցիոն կառավարման, մարդու իրավունքների կոպիտ և շարունակական խախտումների և անպատժելության ու ինչպես նշել եք գաղջ մթնոլորտի համար:


Չշփոթեք երկու իրարից տարբեր և միմյանց հակասող համակարգային մոտեցումները, և չփորձեք Ձեր կոռումպացված իշխանությունը ներկա իշխանություններին նույնականացնելով, պարզագույն կեղծիքով խուսափել պատասխանատվությունից:


Հա, ի դեպ, ինչքան խոսեք, այնքան հետաքրքիր է, ինչպես ժամանակին ինչքան ուզենք կխփենք, խիյարը թարս է աճում, եկել ես, որ ինչ անես, փչացնես, իյա, իրո՞ք, և այլ համեմունքներով արտահայտությունները:


Փորձել հետապնդվողի, տուժվողի, դատապարտված հերոսի կերպարում հանդես գալ, բա սազո՞ւմ է:

Սարգիս Միքայելյան, վերլուծաբան

Սարգիս Միքայելյան, վերլուծաբան

Սերժ Սարգսյանը մի բան գիտի կարծես... Երևի համակարգի ներքին աղբյուրներից ինչ-որ տեղեկություններ ունի ինչ-որ գործերի մասին և տեսնում է, որ իրեն ձերբակալելու հարց է առաջանալու։ Եվ գուցե հենց այդ պատճառով է նախապես հերոս խաղում՝ հնարավոր ձերբակալությունից առաջ։ Միաժամանակ, ասելով, որ եթե իր ձերբակալությամբ այս-այս դրական բաները կլինեն, ապա թո՛ղ ձերբակալեն, Սերժը, դեռ չձերբակալված, արդեն քաղաքականացնում է իր այդ հնարավոր ձերբակալությունը։ Սա հետաքրքիր պատկեր է. քաղաքական գործիչը, որը պետական կառավարման առաջին էշելոնում երկար ժամանակ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել, ապա տասը տարի երկիր է ղեկավարել, ասում է` ո՛չ թե թող ձերբակալեն, եթե հանցանք է եղել, եթե մեղավոր եմ և այլն։ Այլ ասում է՝ թող ձերբակալեն, եթե դրանից ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, եթե «Հոկտեմբերի 27»-ը և «Մարտի 1»-ը լիարժեք բացահայտված կհամարվեն, եթե ղարաբաղյան խնդրով բանակցությունները կվերադառնան ինչ-որ ճիշտ ուղի (այդ ի՞ր ժամանակ են եղել ճիշտ ուղու վրա...) և նման այլ գեղարվեստական բաներ...
Մի կողմ թողնենք պարզ հետևությունը, որ հենց իր իսկ խոսքից ստացվում է, որ Սերժ Սարգսյանը գիտի, որ «Հոկտեմբերի 27»-ը լիարժեք բացահայտված չէ, և որ ինքը կարող էր շատ բան անել իր 10 տարվա իշխանության ժամանակ դա լիարժեք բացահայտելու ուղղությամբ, եթե այդպես է կարծում:

Համլետ Կիրակոսյան, մեկնաբան

Համլետ Կիրակոսյան, մեկնաբան

Ժամանակ առաջ փեսա Միշիկն էր ասում՝ շուտ արեք, աներոջս ձերբակալեք։ Երևի արդեն զզվել էր իր տանն ապրող Սերժից։ Հիմա Սերժն է ասում՝ եթե կուզեք, ձերբակալեք ինձ։ Երևի ինքն էլ զզվել է փեսու տանն ապրելուց․․․


Չի լինի՝ երկուսին էլ ձերբակալեն, պրծնենք, մենակ կռիվ չանեն․․․

Հրանուշ Խառատյան, ազգագրագետ

Հրանուշ Խառատյան, ազգագրագետ

Սերժ Սարգսյանը հայտարարել է իր ենթադրելիք անազատության գինը՝ «մեր ժողովրդի երջանկությունը», բայց դա դեռ ամբողջը չէ, ավելին կա...


Մի փոքր տարօրինակ է, որ քաղաքական և վարչական կյանքի մեծ փորձառություն ունեցող, և թվում է՝ գործնական կյանքի պրագմատիկ Սերժ Սարգսյանն իր սեփական կյանքի կշիռը հավասարեցնում է «մեր երկրին սպառնացող վտանգների» հանրագումարին՝ իր գնահատականով կշեռքի մի թաթին իր անձն է, մյուս թաթին՝ «մեր երկրին սպառնացող վտանգները»: «Իմ անձի հետ կապված ես վախենալու որևէ բան չունեմ, եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը կհամարվի ամբողջովին բացահայտված, մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, ԼՂ բանակցությունները կվերադառնան ճիշտ ուղի, թող ձերբակալեն»:


Այստեղ ոչ այնքան ձերբակալելու/չձերբակալելու խնդիրն է կարևոր, որքան՝ ձերբակալել/չձերբակալելու իր սահմանած գինը՝ մեր ժողովրդի երջանկությունը, Մարտի 1-Հոկտեմբերի 27 բացահայտվածությունը, ԼՂ բանակցությունների ճիշտ ուղին, մեր երկրին սպառնացող վտանգների չեզոքացումը: Շա՜տ բարձր գին է սահմանում այն մասնավոր կյանքի ազատության համար, որի իշխանության ժամանակաշրջանի գործնական ընթացքին ամբողջովին և անմնացորդ ծառայել է ճիշտ իր ասածի հակոտնյային և դեռ պատրաստվում էր ծառայել:


Տարօրինակ չէ, իհարկե, որ նա ոչինչ չի ասում մեր երկիրն ու մեր հասարակությունն ավերած «արդարադատության» և իշխանության անբարոյականության մասին՝ ի՞նչ բաղադրիչ են կազմում դրանք պարոն Սերժ Սարգսյանի մասնավոր կյանքի հաշվեկշռում: Հանուն դրանց «ճիշտ ուղու» վերադարձի, այսինքն` հանուն երկրի սոցիալական և նյութական ռեսուրսները յուրայիններով յուրացնելու, հասարակությունը հրեշավոր բևեռացնելով «երջանկացնելու» նույնպե՞ս չի ափսոսա ազատությունից զրկվել:

Գարեգին Միսկարյան, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ

Գարեգին Միսկարյան, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ

Նկատենք, որ «N1քաղբանտարկյալ» պատվավոր տիտղոսի համար ընթացող համառ պայքարում դեռևս առջատարն է 2-րդ համարի մարզաշապիկով մրցապայքարին մասնակցող նախկին բասկետբոլիստ, յոգայի մեծ վարպետ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը, բայց պիտի նշենք, որ 3-րդ համարի տակ գործող Սերժ Ազատի Սարգսյանը, ճիշտ է շնչակտուր, բայց կրնկակոխ հետևում է նրան և ամեն ինչ անում է ձեռք գցելու իր երազանքների տիտղոսը։ Ինչպես ասում են, ամեն ինչ դեռ առջևում է։ Տեսնենք-տեսնենք` ինչո՞վ կավարտվի այս էպոպեան...

Ալեն Սիմոնյան, ԱԺ փոխնախագահ

Ալեն Սիմոնյան, ԱԺ փոխնախագահ

Սերժ Սարգսյանը, ով հեռացավ նաև այն պատճառով, որ ասաց` էլ վարչապետ չի լինելու, հետո եղավ, ով որոշում կայացրեց ինքն իրեն կառավարական ամառանոցը նվիրելու, հետո ետ վերադարձրեց, ով մեկ գիշերվա մեջ մտավ ԵԱՏՄ` ասում է, որ ինքը որոշում փոխող չէ, հետո ասում է, որ զրույց է ունենալու հասարակության հետ շուտով:
Հա, Սերժ Ազատի՛չ, խոսիր-խոսիր, ավելի հաճախ խոսիր: Ու ամեն օր վախեցիր, ամեն օր:

Արմեն Դանիելյան, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ

Արմեն Դանիելյան, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ

Եթե անգամ ոմանց համար իմ կարծիքը լինի անընդունելի, միևնույնն է, այն լինելու է ազնիվ... Այոʹ, չեն վախենում միայն հիմարները...
Հ. Գ. Իսկ դուք չէիք վախենո՞ւմ, երբ գագիկ խաչատրյանին երկրի գլխավոր հարկահավաք կամ ֆինանսիստ էիք նշանակում... կամ էլ արդարության և բանականության հետ լուրջ խնդիրներ ունեցող գևորգ կոստանյանին իրավական գծով օգնական և ապա գլխավոր դատախազ էիք կարգում...
Հ. Գ. Իհարկե, պետք է ոչ թե վախենալ, այլ պետք է սարսափել, որ շուրջ քառասուն տոկոս աղքատություն ունեցող երկրում, երբ մարդիկ սոված արթնանում և ավելի սոված քնում էին, իսկ շատերը քաղցից փրկվելու համար հեռանում էին սեփական հայրենիքից, գագիկ խաչատրյաններն ու նրա նման չարիքները միլիոնավոր դոլարների հասնող հարստություն էին կուտակում... Անկասկած պետք է սարսափել, որ ձեր «փաստաբան» գևորգ կոստանյանը դատաիրավական համակարգը վերածել էր «ախոռի»՝ սեփական հիվանդագին կրքերին համահունչ...
Ախր, որ մեկն ասենք... Իհարկե, պետք է վախենալ, որովհետև այդ բեջուռա կենդանիներին մեր կյանք «ներմուծել եք» դուք...
Այժմ ինքներդ ձեզ հարցրեք` արդյոք ձեր գործունեությունը հայ մարդուն երջանկություն է բերե՞լ, թե՞ դժբախտություն... Անկասկած՝ դժբախտություն... Իսկ պատասխանատվությունից պետք չէ վախենալ. ինչ ցանել եք, այն էլ հնձում եք...
Անշուշտ, պետք է վախենալ և պետք է վախենալ միայն Աստծուց...

Գարիկ Ղազարյան, ԱԺ աշխատակից

Գարիկ Ղազարյան, ԱԺ աշխատակից

Ես գնալով համոզվում եմ, որ Սերժ Սարգսյանի անխտիր բոլոր տեքստերը Շարմազանովն է գրում, ինչպիսի մտքի ճկունություն և թռիչք. չեն վախենում միայն կատարյալ հիմարները:


Շնորհավորում ենք ձեր առաջընթացի կապակցությամբ. դուք այժմ կատարյալ հիմարից մեկ և ընդամենը մեʹկ գլուխ բարձր եք, Պրն Սարգսյան: Իսկ ինչ վերաբերում է պետության առաջընթացին, ապա այն կա և շարունակվելու է ավելի մեծ տեմպերով, երբ բոլորդ հատ առ հատ պատասխան կտաք ձեր ալան-թալանի, ձեր հանցագործությունների, թուլամորթության ու տականքությունների համար... Չկասկածեʹք:

Արմեն Աղայան, քաղաքագետ

Արմեն Աղայան, քաղաքագետ

Հա դե մի ստից գործ չկա՞, որ էդ մարդուն էլ ձերբակալեք։ Չե՞ք տեսնում, նեղվում է, որ իրեն անուշադրության եք մատնել։ Չեմ ասում` զանգվածային ընտրակեղծիքի կազմակերպում ու իշխանության յուրացում, չեմ ասում` թալան ու ապօրինի հարստացում, ազգային դավաճանության մասին ընդհանրապես չեմ ուզում հիշել։ Չէ, մի հատ պուճուր, մի 1000 դոլարանոց կաշառք, նախագահականում բենզինի պակասորդ, կամ պետության հաշվին Մոնտե֊Կարլոի տոմս առնել։ Մի ստից բան, մենակ թե մի երկու շաբաթ էլ ինքը նստի ու հետո իրեն էլ կուղարկեք բուժվելու։ Թե չէ ամոթ է։ Առանց նստելու ի՞նչ խղճով գնա ցողունների հերթական խմբաքանակի հետևից:

8934 | 1