Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Հանրությունը քննարկում է Սամվել Բաբայանի աղմկահարույց հայտարարությունը

երկուշաբթի, 18 մարտի, 2019 թ.
Հանրությունը քննարկում է Սամվել Բաբայանի աղմկահարույց հայտարարությունը

Ինչպես արդեն հայտնել էինք, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ 24news-ի եթերում հնչեցրած հայտարարությունը լայն արձագանք է գտել համացանցում:

Այս թեման մեկնաբանել են`

Կարինե Հարությունյան, լրագրող

Կարինե Հարությունյան, լրագրող

Սամվել Բաբայանի հարցազրույցը նոր եմ նայում, կարճ ասած, ասում է՝ մենք չենք կարող հարցը լուծել, տանք ռուսին, ռուսը լուծի: Սա կապ ունի՞ առաջիկա նախագահական ընտրությունների ու էդ ընտրություններում իր թեկնածության առաջադրման հետ, թե՞ իսկապես հայկական կողմին այդքան տկար է համարում բանակցային գործընթացում: Եթե երկրորդն է, ո՞նց է իրեն պատկերացնում այդ մարդը որպես երկրի նախագահ, եթե ի սկզբանե բացառում է, որ հայերը կարող են ուղիղ բանակցությունների ճանապարհով Ադրբեջանի հետ լեզու գտնել: Իսկ եթե առաջինն է, շատ ավելի վատ իր համար: Բոլոր դեպքերում Սամվել Բաբայանը ոչ քաղաքական գործիչ է՝ մեծ հաշվով, ոչ քաղաքական լեզվին է տիրապետում, ոչ էլ, առավել ևս, դիվանագիտության հետ առնչություններ ունի՝ որպես երկրի ապագա ղեկավար, էլ չեմ ասում՝ բանակցող: Ու իր նմաններն են նաև Հայաստանում, որ համանախագահների հայտարարությունից հետո գլխներին սև են կապել, թե միակ ճանապարհը պատերազմն է:

Միքայել Նահապետյան, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ

Միքայել Նահապետյան, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ

Ինձ մոտ տպավորություն է, թե Սամվել Բաբայանը պատերազմի ավարտից հետո չի հասկացել, թե ինչեր են տեղի ունեցել Արցախում ու դրա շուրջ։ Էդ մարդը նույնիսկ իրեն հարց չի տվել, թե ո՞նց է ստացվել, որ որևէ օտարերկրյա զինվորական պաշտոնապես Արցախ ոտք չի դրել։ Միջազգային հանրությունը «Ռուսաստանի մանդատի» թեման փակել է դեռ 1997-ին, փակել է՝ «պլոտնի»։ Այ, գուցե ռուսները դրա հետ չեն հաշտվում։ Բաբայանը լավ կանի Ռուսաստանի հետ ուրիշ գործեր բռնի. օրինակ` ներկոտ թղթեր բերի, քիմիական նյութերով մաքրի: Ի դեպ՝ մի տխուր պատմություն կա ղարաբաղցիքի կտրուկ բնավորության մասին։ Հեռավոր 1990-ին՝ «Պյատաչոկ» սրճարանի դիմաց, ցուցադրաբար գնդակահարվեց կոմունիստ մի պաշտոնյա, ով կարծել էր թե Մութալիբովի հետ ինքնավարության դիմաց գործարք կնքելը լավ տարբերակ է:

Նարեկ Սամսոնյան, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ հիմնադիր անդամ

Նարեկ Սամսոնյան, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ հիմնադիր անդամ

Երեկ Սամվել Բաբայանի մի քանի հարցազրույցներն էի նայում Արցախի խնդրի հետ կապված: Բնականաբար էդ ողջ բովանդակությունից շատերի մոտ միայն մնացել է «Արցախին ռուսական մանդատ տալու» աբսուրդ պնդումը, բայց հավատացեք էդ աբսուրդ մտքից անդին բավականին կարևոր նկատառումներ կային Բաբայանի խոսքում: Սամվել Բաբայանը, լինելով զինվորական, շատ հեռու է դիվանագիտական հմտություններից և երեկ շատ մատչելի ու բաց տեքստով ասաց այն, ինչ ես մեկ էլ լսել էի արցախյան հակամարտության գիտակներից: Բաբայանը շատ տրամաբանական հարց է առաջ քաշում` լավ, եթե, այնուամենայնիվ, համաձայնում ենք Մադրիդյան սկզբունքներում առկա կետերի հետ և բոլոր ադրբեջանցի փախստականները վերադառնում են իրենց նախկին բնակավայրեր, ի՞նչ ենք անելու հանրաքվեի ժամանակ: Ամենակարևոր հարցն է սա թերևս, քանի որ օրինակ Շուշիի շրջանում, Բերձորում (Լաչին) ադրբեջանցի բնակչությունը կազմել է 95 տոկոս և հատկապես Շուշին ամենամեծ բնակչության թիվն ունեցող շրջաններից է: Մյուս կարևոր դիտարկումը. ինչպիսի՞ իրավիճակ ենք ունենալու, եթե հանձնում ենք Քարվաճառը (Քելբաջարը), կամ Աղդամը: Եվ այս ամենի կենտրոնական` կարևորագույն հարցը` արդյո՞ք Ալիևը համաձայն է այս սկզբունքների տրամաբանության հետ, անգամ այն պարագայում, երբ դրանց իրականացման պարագայում Արցախն այլևս դժվար հայկական մնա: Վստահ եմ, որ Ալիևի ասած «Երևանը ադրբեջանական տարածք է» բառակապակցությունը գոնե իր համար ավելի արմատական նշանակություն ունի, քան մենք պատկերացնում ենք: Այս փաստերի համակցությունից տրամաբանորեն հետևում է, որ անգամ, եթե Հայաստանում ներկայիս «լուլու» իշխանությունը չլիներ/չլինի միևնույն է Արցախի հարցն այս փուլում բանակցային լուծում չէր ունենալու, իսկ ուժայինին պետք է պատրաստ լինել ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե:

Ռուբեն Մեհրաբյան, քաղաքագետ

Ռուբեն Մեհրաբյան, քաղաքագետ

Մենք գիտենք, որ թուրքին տալու Արցախ ՉՈՒՆԵՆՔ։ Մենք գիտենք նաև, որ սպիտակ թուրքին տալու Արցախ ևս ՉՈՒՆԵՆՔ։ Դժգոհները, «մտահոգվածները» և տուպոյները կարող են դիմել Զորի Բալայանի կանտորա, կամ չեկիստ ցարին դանոս գրեն, չերեզ «լազարևսկի կլուբ»։

Հովհաննես Գալստյան, ազատամարտիկ

Հովհաննես Գալստյան, ազատամարտիկ

Արցախը Ռուսաստանի մանդատի տակ հանձնելու առաջարկություն անող Սյամոյին փոխանցեք, որ
2011-ին՝ Մոսկվայի պայմանագրի 90-ամյակին, որով Հայաստանը բաժանվել է Ռուսաստանի ու Թուրքիայի միջև, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը վարչապետ Էրդողանին նվիրեց ռուս-թուրքական պայմանագրի բնօրինակը, որպեսզի ոչ ոք այն այլևս չկարողանա վիճարկել:

Դավիթ Բաբայան, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Դավիթ Բաբայան, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Մենք անկախ երկիր ենք, և մեզ համար անկախ պետականությունը բարձրագույն արժեք է: Կարծում եմ՝ Արցախի կարգավիճակը կարող է փոխվել միայն մի դեպքում, երբ հետագայում ստեղծվի մեկ միացյալ հայոց պետականություն: Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, ապա նշեմ, որ մենք պարտավոր ենք վերջինիս հետ ունենալ բարիդրացիական, ջերմ հարաբերություններ՝ որպես բարեկամ երկիր, որտեղ կա մեծ հայկական համայնք:

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Հիշո՞ւմ եք, որ 2016թ. Մոսկվայից նոր եկած Սամվել Բաբայանը, «Ազատություն ռադիոկայան»-ի հետ հարցազրույցում, ապրիլյան քառօրյա պատերազմն անվանեց լայնամասշտաբ դիվերսիա... Հիշեցնեմ, թե այն ժամանակ ինչ տեսակետ հայտնեցի ու դա էր պատճառը, որ չէի կարող ողջունել մեկ տարի անց նրա կողմից ՕՐՕ դաշինքի ստեղծումը, այն էլ այդ պատերազմը անցած մեկ այլ սուբյեկտի՝ Սեյրան Օհանյանի հետ... Տեղի ունեցածը ոչ թե պատերազմ, այլ դիվերսիա անվանելը նշանակում էր ջրել պատասխանատվությունը, որ կարող էր միջազգայնորեն ունենալ հարձակվող կողմը՝ Ադրբեջանը, նրան խրախուսած կողմերը.... Դիվերսիայի համար միջազգային պատասխանատվություն ու հետևանքներ չկան, իսկ այ պատերազմի համար կան... Ու երբ դա ասում է պատերազմ անցած ռազմական գործիչը, այլ ոչ թե պատերազմից չհասկացող, դիլետանտ մեկը, ապա տրամաբանական է, որ հարց պետք է տաս՝ ո՞ւմ համար կամ հանուն ո՞ւմ է սա ասվում... Երբեք չեմ ասի, թե Սամվել Բաբայանը դա ասում էր հանուն Ադրբեջանի, բայց, այ, հանուն Ռուսաստանի, որտեղ հայտնվել էր մեծ պարտքերի տակ ու որտեղ սկսել էր ինտենսիվ շփումներ ունենալ ռուս զինվորականութան հետ, հնարավոր էր.... Դեհ, չասեմ նրա անհասկանալի ներխուժումն Արցախի տարածք, որտեղ, ցավոք, մեր լավ ընկեր Հայկ Խանումյանը տուժող դարձավ... Հիմա Բաբայանն ասում է, թե Արցախը պետք է տեղափոխվի ռուսական մանդատի տակ... Մի ծրագիր, որը Ռուսաստանում մշակվել է 2008-ից, կոնցեպտուալ շարադրվել 2012-2013թթ., որի էությունը ռուսական ռազմական ներկայությունն է Արցախում՝ ինչպես որ եղել է Աբխազիայում, Հարավային Օսիայում ու Մերձդնեստրում: Մի բան, որին անգամ դիմադրեց Սերժ Սարգսյանը թեկուզև 800 հեկտարի խարանը վերցնելով, ինչի մասին վկայեցին ապրիլյան պատերազմն ու Բելառուսի նախագահ Լուկաշենկոն: Սերժ Սարգսյանի զինակիցները եթե այսօր մեղադրում են Նիկոլ Փաշինյանին Վինենայի պայմանավորվածություններից ետքայլի մեջ, որը թույլ է տալիս պատերազմների ու միջադեպերի հետաքննություն իրականացնել, շատ բան կամ չգիտեն, կամ էլ գիտեն, բայց ազնիվ չեն մեղադրանքի սլաքներն ուղղելիս.... Ավելին չեմ գրի.... Դե բա այսքանից հետո իսկապես ոնց չգնահատես Սերժ Սարգսյանին, ով բավական արագ ջոկեց մեծ դավադրությունը ոչ միայն իր, այլ նաև Արցախի դեմ ու իշխանությունը Նիկոլ Փաշինյանին հանձնելը ճիշտը համարեց:

Սյուզաննա Սիմոնյան, «Սասնա ծռեր» խմբավորման համակիր

Սյուզաննա Սիմոնյան, «Սասնա ծռեր» խմբավորման համակիր

Մի տեղ կարդացի, թե Սամվել Բաբայանը քաղաքական միտք չունի, գրագետ չէ և նրա երեկվա հայտարարությունը դրա հետ է կապված: Հարգելիներս, հայրենիքի պաշտպանությունը, նրա ամեն թիզ հողն ատամներով պաշտպանելը միայն գրագետների առաքելությունը չէ: Հայրենիքը, մեծ հաշվով, պաշտպանել են և պաշտպանելու են շարքային քաղաքացիները, գյուղացիները, ռամիկները և նույնիսկ անգրագետները: Այդ պաշտպանությունն ինքնապաշտպանական բնազդ է առաջին հերթին, նաև քո ընտանիքը, քո տունը պաշտպանելուն ուղղված: Եվ դա հային գենետիկորեն է տրված՝ անկախ կրթական ցենզից: Տրված է, քանի որ դարերով կանգնած ենք եղել բնաջնջման վտանգի առջև: Չեմ կարող պնդել, որ Ազատամարտի մասնակիցը զուրկ է այդ բնազդից, բայց, որ դա պարունակում է որոշակի նպատակ և ի շահ օտար ուժերի հանձնառության իրականացում, դա կարելի է պնդել: Հերոս լինելը պատերազմում հեշտ է, մինչդեռ հերոսություն է պատերազմից հետո, խաղաղ պայմաններում հերոս մնալը:

Էդմոն Մարուքյան, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար

Էդմոն Մարուքյան, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար

Կարծում եմ՝ նմանատիպ խոսակցությունները կարող են տանել նրան, որ մարդիկ ուղղակի կհուսալքվեն: Այսինքն մենք չենք կարող ուրիշ պետությանը խնդրել, որ այդ հարցով զբաղվի: Դա աբսուրդ է: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ինչպես նշել էինք, պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը, և մենք գտնում ենք, որ Արցախի կողմի վերադարձը բանակցության սեղանի շուրջ շատ կարևոր պայման է, հետևաբար պետք է պայքարել դրա համար: Կարծում ենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը նաև հանրաքվեով Արցախում արդեն ամրագրված է, հետևաբար դրանից հետո խոսել Արցախը որևէ պետության մանդատի տակ դնելու հարցի շուրջ, մեզ համար կտրականապես անընդունելի է:

7454 | 0