Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.

Քննարկումներ

Համացանցը քննարկում է Ռուբեն Հախվերդյանի սկանդալային հայտարարությունները

կիրակի, 03 մարտի, 2019 թ.
Համացանցը քննարկում է Ռուբեն Հախվերդյանի սկանդալային հայտարարությունները

Երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը սկանդալային հարցազրույց է տվել Համլետ Ղուշչյանի «Բաց օրը» հաղորդման շրջանակներում: Խոսելով արցախցիների մասին՝ վերջինս ասել է. «Արա վաբշե մաքրվեք ստեղից, վեկալեք գնացեք ձեր մշակույթով, ձեր նամազներով, մուղամներով… Հազիվ էս քաղաքը մաքրվել, քաղաք էր դարձել, բայց Ղարաբաղից թուրքական երաժշտությունը եկավ ու արմատակալեց՝ էլ Սպիտակցի Հայկո, Էլ Թաթուլ, էլ Թաթա...»:


Այս հայտարարությունները համացանցի բուռն քննարկման թեմա են դարձել:

Այս թեման մեկնաբանել են`

Սուրեն Սուրենյանց, քաղաքագետ

Տղերք, Հախվերդյան Ռուբոյի թեման թարգեք։ Ռուբոն երբեք քաղաքական ասելիք չի ունեցել ու չի կարող ունենալ։ Մի այնպիսի քննարկում եք ծավալել, թե իբր քաղաքական մտքի տիտան է խոսել։ Քաղաքականությունը Ռուբոյի բանը չի, բայց էդ մարդու դժբախտությունն էլ այն է, որ չի գիտակցում դա՝ հաճախ դառնալով ծիծաղի կամ շահարկումների թեմա, մի խոսքով՝ օգտագործվելով սրա-նրա կողմից։
Բայց Ռուբոյին մի պահ դուրս դրեք քաղաքականությունից ու հիշեք, որ ում հիմա ըսենց ջիգյարով քրվում եք՝ նրա երգերի տակ սիրել ու սիրվել եք, խենթացել ու խենթացրել եք։

Ավետիք Իշխանյան, իրավապաշտպան, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ

ԲԱ Ո՞Ր․․․
Ռուբեն Հախվերդյանի աղմկահարույց հարցազրույցի քննարկումները հիմնականում ընթանում են ոչ այնքան ըստ բովանդակության, որքան , բա որ․․․
-Բա որ, 2015թ Հիմնադիր խորհրդարանի անդամներին Արցախի մատույցներում բռնության ենթարկեցին,
-Բա որ, Ռոբերտն ու Սերժը․․․
-Բա որ, Ժաննա Գալստյանը Հայկ Խանումյանին անվանեց գյալմա,
-Բա որ, Հայաստանի տղաները Արցախում ծառայում են,
-Բա որ, ղարաբաղցիները, բա որ, բա որ, բա որ․․․
Անկեղծ՝ կարող եմ բառ առ բառ պատասխանել, բայց չեմ ուզում անվերջ բացատրել, նման պարզունակ, ի վերջո ատելությունն արդարացնող «բա որներին»։ Բայց կարդում, լսում և ներքին տագնապ եմ զգում, թե ինչպիսի, կներեք՝ պարզունակ, պառակտված, միայն բացասական կրքերով առաջնորդվող, չար հասարակություն ունենք։
Ի վերջո, այս «բա որ» ասողները երեկ սփյուռքահայերին հայ չէին համարում, այսօր արցախցիներին, նաև սիրիահայերին, իսկ վաղը՞․․․

Տիգրան Հակոբյան, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ

Ինձ շատ են զանգում ու գրում Հախվերդյան Ռուբոյի «բլթոցի» կապակցությամբ: Պարզաբանեմ, որ էդ Բաց TV-ին ոչ եթերային է, ոչ կաբելային, ուստի լիցենզավորված չի ու չի կարգավորվում մեր Հանձնաժողովի կողմից, այստեղ անելիք չունենք: Ազատ, առանձ որևէ ֆիլտրերի և կարգավորումների համացանցը, ցավոք, նաև այսպիսի գռեհիկության հարթակ է դառնում:
Բայց սա առիթ է մի այլ խնդրի մասին խոսելու: 90-ականների սկզբին, երբ Ռուբոն աջ ու ձախ Լևոն, Վանո ու ու Վազգեն էր քլնգում (ցինիկ բառապաշարով) շատերին դա դուր էր գալիս, թերթերը հավեսով նրան իրեն բնորոշ բառապաշարով արտահայտվելու հնարավորություն էին տալիս: Ու տենց գնաց: Օրվա «քաղաքական» պահանջարկից ելնելով, կուսակցությունները նրան նախընտրական միտինգների էին կանչում (մի հատ երգ երգի, ու մի տաս նախադասությունով հակառակորդներին «տռաս» հանի), մամուլը խոսացնում էր: Ռուբոն էլ խոսում էր ու խոսում... Մաեստրոյին ո՞վ պիտի բան ասեր:
Տաղանդավոր մարդուն (շատ տաղանդավոր) ժամանակին չկանգնացրեցիք, օգտագործեցիք, փորձեցիք փչացնել, հիմա զարմանում ու զայրանում եք... Դեռ 1000 տարի առաջ Ռուբոյին ասել էի, որ եթերում ժամերով նա կարող ա երգել, արվեստից խոսել, բայց չեմ թողնելու նույնիսկ մեկ քաղաքական նախադասություն ասի, ցանկացած քաղաքական գործչի գնահատական տա: Ու հանգիստ էլ ընդունեց Ռուբոն, հիմա էլ լավ բարեկամներ ենք, ու ես Ռուբոյին սիրում եմ, ինքն էլ ինձ չի քրֆում ու շատ հարգում ա:
Թողեք արվեստագետները, երգիչ-երգչուհիները, դերասան-նկարիչները իրենց գործով զբաղվեն, մի փորձեք նրանց օգտագործել ու զարմանալու-զայրանալու առիթ քիչ կունենաք:
Իսկ Ղուշչյանին հենց եթերում տեսնում եք, ալիքը կամ ինտերնետ էջը փոխեք, թե չէ էկրանից վատ հոտ կգա:

Սամվել Բաբայան, Արցախի հերոս

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ բարձր ենք գնահատում երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի արվեստը, արժևորում նրա վաստակը: Սակայն մենք ոչ միայն չենք կիսում, այլ նաև կտրուկ դեմ ենք ազգի մասին նմանօրինակ հայտարարություններին: Մենք մի ազգ ենք և դարեր շարունակ եղել ենք մահմեդական լծի տակ, սակայն երբևէ չենք կորցրել մեր դիմագիծը: Մենք բոլորս հայ ենք, մեր երկրի էթնիկ ժողովուրդն ենք: Մարդկային որակները և արժեքները պետք չէ վերագրել ողջ ազգին և դրանով որակումներ տալ: Կոչ ենք անում, բոլոր այն անհատներին, ուժերին , որոնք կփորձեն որևէ հատկանիշների բնորոշման արդյունքում կամ որևէ մի անհատի մարդկային որակները բնորոշելուց այն փաթաթել ողջ ազգի վզին, զգույշ լինել ցանկացած արտաբերած արտահայտությանը: Մենք 6000 կյանք ենք դրել մեր հայրենիքը ազատագրելու համար, և մեծ պատասխանատվություն ու հարգանք ենք պահանջում մեր նահատակված ընկերների հանդեպ: Հայ ազգի համար այս օրհասական պահին պետք է միայն միաբանություն և վերջ:

Արա Վարդանյան, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն

Գինովցած Ֆորշի հարցազրույցը դարձավ համայն հայության քննարկման առարկա։ Բոլորով լծվեցինք քննադատելու մի մարդու, ում երգերը մեր մոտ արթնացնում են ամենաջերմ ու լավ հիշողությունները։ Բա սրան ի՞նչ ասենք։ Արա ո՞վ ես դու այ թուրք, ո՞նց կարելիա սա եթեր տալ, լավ ո՞նց։ Այ սրան մենք պետք է ազգովի մերժենք։ Թուրք

Ալեն Ղևոնդյան, քաղաքագետ

Հախվերդյան Ռուբենը վերջին առնվազն 10 տարին ջանք ու եռանդ չի խնայել օրիգինալ հիմարություններ դուրս տալու հարցում: Բոլոր հնարավոր ու անհնար գծերը փորձել է անցնել: Իր գործն է:


Վերջին ասածն այդ շարքից է: Ուզում եք իրո՞ք մերժելի արձագանք ստանա իր այս դատարկամտությունը, ոչ թե հայհոյեք նրան, այլ ակումբային համերգների տոմսեր մի՛ գնեք, փաբերի տերեր մի՛ կանչեք իրեն ձեզ մոտ ելույթ ունենալու...


Հայհոյելն այս պարագայում անօգուտ գործ է: ՄԵՐԺԵՔ նրան ու նրա մոտեցումը գործնականում, մերժեք տնտեսապես... Հավատացե՛ք շատ արդյունավետորեն կաշխատի ու միայն այս կերպ նա կհասկան ձեր/մեր արձագանքը... Իսկ հայհոյանքների վրա նա թքած ունի, սովոր է...

Ավետիք Իշխանյան, իրավապաշտպան, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ

Ընկերներիս մոտ միշտ պաշտպանել եմ Ռուբեն Հախվերդյանին՝ անկախ նրա արտահայտած, մեղմ ասած, ոչ այնքան «իմաստուն» գռեհկաբանությունների համար։ Միշտ ասել եմ, որ նրա նկատմամբ միշտ պետք է լինել ներողամիտ, հաշվի առնելով նրա տաղանդը և նրա ստեղծած իսկապես քաղաքային, կոլորիտային երաժշտական մշակույթը։ Միշտ նրան համարել եմ հայկական Վլադիմիր Վիսոցկի, Ժակ Բրել և կարող եմ նրան անվերջ լսել։
․․․ Եվ հանկարծ լսեցի Ռուբեն Հախվերդյանի հարցազրույցը հայ լրագրության գերաստղ Համլետ Ղուշչյանի հետ։


Էլի, կարելի էր նույն «ներողամտությամբ» վերաբերվել նրա բառապաշարին (լածիրակ, լակոտ, ԼՏՊ, թյուրիմացություն, Սեռժիկ, ռուսական գործակալներ, բեղլու, կնանիք, լափել, արա, կնոջդ հետ հաճախ պիտի հարաբերվես, վիժվածքներ, աբորտացուներ, դեպուտանքներ, վեցանոցներ, հետույքն էին լիզում, հետույքը կմտնեն…)։ Ամենահետաքրքրականն այն է, որ այդ նույն Համլետ Ղուշչյանը ժամանակակից եզրույթով ասած «դուխ» է առնում ու սկսում իր հերթին «դամ» պահել Ռուբենին (տականքներ, սարսափելի ժամանակահատված, բուլկի Արամ, նախկին հանցավոր ռեժիմի պարագլուխներ…) Բայց, իհարկե, հաղորդման գլուխգործոցը սույն Ղուշչյանի «անկեղծ խոստովանությունն» էր, որ ինքն անցած «հանցավոր ռեժիմից» հալածվել և ստիպված հեռացել է Մոսկվա (հիշեցի անորսալի Ջոյին), իրեն համեմատում է Ռուբենի «Լավագույն տղերքը հեռանում են» երգի հերոսների հետ։ Իհարկե, Ղուշչյանի «ինտելեկտն» ունի իր հոտառությունը։ Եթե Ռուբեն Հախվերդյանը հայհոյում է Հայաստանի անկախության շուրջ 30 տարիները, ապա Համլետ Ղուշչյանը, դրանից սարսափելով և զգալով այսօրվա պատվերը, հայհոյում է միայն անցած 20 տարիները։


Այս հարցազրույցը չէի լսի կամ բնավ չէի անդրադառնա, եթե համացանցում չկարդայի խոսքեր, որոնք վերագրվում էին Ռուբեն Հախվերդյանին և որոնց չէի ուզում հավատալ։


Բայց․․․ ահա Ռուբեն Հախվերդյանի մտքի գոհարները․


«․․․ Թուրքական հատկություն ա (քծնանքը) ուժեղի ձեռքը համբուրի, թույլին սպանի, որը վառ կերպով արտահայտվեց Ռոբերտի ու Սերժիկի, որովհետև իրանք, ի վերջո, ադրբեջանցիներ են, ադրբեջանական մթնոլորտում են մեծացել, էդ ազդեցությունը մինչև մաքրվի, ևս 50 տարի պիտի անցնի, տխմար դերասանուհի կա ընդե, արա, վաբշե մաքրվեք ստեղից, վեկալեք գնացեք ձեր մշակույթով, ձեր նամազներով, ձեր մուղամներով (վերջին բառը հուշում է «դուխով» Համլետը) Ղարաբաղից, էս թուրքական երաժշտությունը էկավ ու արմատակալեց Սպիտակցի Հայկո, Թաթուլ, Թաթա ու հազար ու մի զիբիլ․․․»։


Չգիտես` ի՞նչ պատասխանես, այն, որ քծնանքը որևէ ուղիղ կապ չունի արցախցիների հետ, որ ադրբեջանական երաժշտություն լսում էին ողջ Խորհրդային Հայաստանում։ Այն, որ նույն Խորհրդային Հայաստանում նույնպես ծաղկում էր ռաբիսը, բայց, ի տարբերություն այսօրվա, ստեղծվում էին նաև բարձրակարգ էստրադային երգեր (իսկ որ այսօր չեն ստեղծվում, հաստատ արցախցիները չեն մեղավոր): Արդյոք Ռուբեն Հախվերդյանը հոգու խորքում չի՞ նախանձում նույնպես բոլորի կողմից սիրված Թաթային, նաև Թաթայի՝ գուցե ավելի մեծ հոնորարների համար։ Բայց սրանք հեչ։ Ես զարմանում եմ Ռուբեն Հախվերդյանի՝ արցախցիների հանդեպ ֆաշիզմի հասնող ատելության վրա։ Չէի պատկերացնում, որ լյումպենական պարզունակությունը, այն է՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ ատելությունը տարածվում է արցախցիների նկատմամբ, հատուկ է նաև Ռուբեն Հախվերդյանին։ Հետաքրքիր է, հայ ժողովրդի այդ ո՞ր հատվածն այդքան տարիներ կդիմանար ադրբեջանական ճնշումներին։ Եվ հիմա իրենց հայրենակիցներն ասում են՝ թողեք գնացեք։ Հարյուր հազարավորների սիրելի Ռուբեն Հախվերդյանի այս խոսքերը ավելի վտանգավոր են, քան տարբեր երկրների, միջազգային կազմակերպությունների` մեր շահերից չբխող հայտարարություններն ու բանաձևերը Արցախի հարցի վերաբերյալ և շատ ավելի վտանգավոր, քան ալիևյան սպառնալիքներն ու ադրբեջանական զենքերը։

Արտակ Բեգլարյան, Արցախի ՄԻՊ

Ամոթ Ռուբեն Հախվերդյանին ու որոշ չափով Համլետ Ղուշյանին՝ հայության արցախյան հատվածի մասին խիստ խտրական ու վիրավորական արտահայտությունների համար (տե՛ս Բաց TV-ի «Բաց օրը Ռուբեն Հախվերդյանի հետ» հաղորդումը, հղումը՝ մեկնաբանությամբ)...
Ցավում եմ, որ մեր ազգի մեջ այդպես մտածող «մտավորականներ» կան, որոնք ի վիճակի են հայության շրջանում տարանջատում մտցնել այդ կարգի վիրավորական ընդհանրացումներով:
Հուսամ՝ նրանք վաղ թե ուշ կգիտակցեն իրենց արտահայտությունների վտանգավորությունն ու դատարկությունը:
Հ.Գ. այս արձագանքը կատարում եմ որպես և՛ Մարդու իրավունքների պաշտպան, և՛ պարզապես հայ: Իսկ եթե այլ կարգավիճակով լինեի, ապա արձագանքս շատ ավելի կոշտ կլիներ

Դավիթ Բաբայան, Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ

Բարոյապես և ստեղծագործական առումով լինելով վաղուց սպառված՝ նախկին երգահան ու երգիչ ռուբեն հախվերդյանը, ով արդեն վաղուց որևէ արժեքավոր գործ ստեղծելու ունակ չէ, կրկին վիրավորանքների հեղեղ է թափում հայ ժողովրդի վրա՝ հայհոյելով արցախահայությանը: Այս ամենից ապշերոնյան էժանագին խավիարի գարշելի հոտ է փչում: Նրա նմաններով պետք է զբաղվեն համապատասխան կառույցները՝ ԱԱԾ-ն, Առողջապահության նախարարությունը, ավելի կոնկրետ՝ որևէ հոգեբուժարան:

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Չկարողանալով Հայաստանը դարձնել Ռուսաստանի նահանգ, ինչի մասին սույն ռուսը (խոսքը Անդրանիկ Նիկողոսյանի մասին է) ժամանակին բացեիբաց հայտարարում էր, այժմ ակամայից բացում է մի բանի փակագծեր, որը վաղուց էի նկատել ու դրա մասին չէի գրում։ Այժմ սցենարը հետևյալն է. Օգտագործել ցանկացած առիթ մեծացնելու վիհը Արցախի ու Հայաստանի միջև, հող ստանալ Արցախում կեղտոտ քարոզչության համար, թե ճիշտը Հայաստանի փոխարեն Ռուսաստանի պոչը բռնելն է ու նրան անվտանգության երաշխավոր կարգելն է։ Ցավոք, այս տրենդի մեջ է նաև Ռոբերտ Քոչարյանի դեմ մեղադրանքի մանիպուլյատիվ ներկայացումը թե՛ Արցախում, թե՛ Ռուսաստանում, որի մեսիջն է՝ Կրեմլ, փրկելով Քոչարյանին, փրկում ու վերցնում ես Արցախը։ Այո, Ժաննա Գալստյանի կամ Ռուբեն Հախվերդյանի անհաջող կամ անթույլատրելի մտքերը տեղ և զորակցություն չպետք է ունենան մեր մեջ։ Բայց այս վտանգավոր տեսակին ու շարասյանը Արցախում ու մեզ մոտ սթափ մեծամասնությամբ պետք ասենք՝ հանգիստ նստեք տեղներդ, թույլ չենք տալու, լրիվ տեսնում, ֆիքսում ենք։ Դուք միշտ մեր ռադարի տակ եք։

Տիգրան Աթանեսյան, իրավաբան

Արցախցիները ադրբեջանցի են, տավուշեցիները նույնպես, լոռեցիները վրացի են, ֆրանկերը անհասկանալի է, թե ով են, ապարանցիները ցրտահարված են, երևանցիները պարսիկ են, գյումրեցիները ռուս են.... Ռուբեն Հախվերդյան(((((


Սիրելի իմ հայրենակիցներ, անգամ վախենում եմ պատկերացնել, թե ովքեր են կիրովաբադցիները ( դե իմ պապերն էլ էդ կողմերից են, երևի հուդդի եմ)


Ասածս ինչ է, թողեք Ռուբոյին հանգիստ կամ պարզապես ուշադրություն մի դարձրեք, դե դուրսա տալի, շատ վատա անում, բայց դե մեկա անուղղելի ա, ու համ էլ ասում ա էն, ինչ որ շատերը իրենց տան խոհանոցում էշ-էշ դուրս են տալի..


Հախվերդյանի երգերն ա պետք լսել, ոչ թե նրա հարցազրույցներին ուշադրություն դարձնել...


Եկեք երկրի խնդիրներից չշեղվենք:

Արա Պապյան, դիվանագետ

Հախվերդյանը կապ չունի: Նա չլիներ, մի այլ բան առիթ կսարքեին: Սա Արցախը Հայաստանին հակադրելու ու Ռուսաստանի հետ միավորելու ԿԳԲ-ի պլանի մասն է: Մարդիկ գիտակացաբար կամ անգիտակցաբար այդ ծրագրի մեջ դեր են ստանձնում:

| | |
3006 | 0
COMMENT.am