«Վաղը մարտի 1-ի բացահայտմանը հետամուտ լինելու մասին կարող է հայտարարել նաև Հովիկ Աբրահամյանը». արձագանքներ` Սեյրան Օհանյանի հայտարարության մասին
Սեյրան Օհանյանի հայտարարությունն այն մասին, որ մարդիկ կարող են իրեն տեսնել նաև Ազատության հրապարակում հանրահավաք անելիս, անսպասելի էր և հանելուկային: «Կարծում եմ` դա նախընտրական փուլի միջոցառումների մեջ է. անկասկած լինելու եմ յուրաքանչյուր մեր կուսակցականի, քաղաքացու կողքին»: Բացի այդ, ոմանց մոտ հարց է առաջանում, թե ի՞նչն էր խանգարում Սեյրան Օհանյանին, երկար տարիներ լինելով պաշտոնատար անձ, բարձրացնել քաղբանտարկյալների հարցը և փորձել լուծումներ գտնել, կամ հենց պաշտոնավարման ժամանակ հետամուտ լինել մարտի 1-ի բացահայտմանը: |
Ռուզաննա Բադալյան, Շանթ Հարությունյանի կինը
Ի՞նչն էր խանգարում Սեյրան Օհանյանին, երկար տարիներ լինելով պաշտոնատար անձ, բարձրացնել քաղբանտարկյալների հարցը և փորձել լուծումներ գտնել: Չէ՞ որ նրանք նոր չեն դարձել քաղբանտարկյալ: Այո՛, քաղբանտարկյալներ կան, ես կոնկրետ Շանթի ընկերների մասով եմ ասում: Ինձ չի թվում, որ այն ժամանակ Սեյրան Օհանյանը չգիտեր՝ նրանք քաղբանտարկյալ են, ի՞նչ փոխվեց հիմա: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ Շանթի ընկերներից Վարդան Վարդանյանը փոխգնդապետ էր, բանակի հենց ստեղծման օրվանից ծառայել է բանակում, իր ներդրումն ունի բանակի կայացման գործում, անմիջական Օհանյանի ենթակայության տակ է աշխատել: Սեյրան Օհանյանը կարող էր ժամանակին հայտարարությամբ հանդես գալ, որ գոնե նրա պատժաչափերն այդքան խիստ չլինեին: Բայց լինելով իշխանության մեջ, ունենալով նման պաշտոն՝ ոչինչ չէր անում այն ժամանակ, ինչի համար հիմա հանկարծ ինչ-որ բան պետք է փոխի: Բնական է, որ որևէ հույս Օհանյանի կամ որևէ այլ մեկի հետ չենք կապում, որ ինչ-որ բան կփոխեն: Ընդամենը շահարկումներ են: |
Լևոն Բարսեղյան, «Ասպարեզ ակումբ» ՀԿ-ի խորհրդի նախագահ
Սեյրան Օհանյանն ընդունում է, որ Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան ու դեմ չէ, որ մարտի մեկը հետաքննվի, լիքը ուրիշ գործեր էլ կան՝ դրանց հետ բացահայտվի, ասում է: Լավն է, չէ՞: |
Արամ Կարապետյան, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ
Սկզբում փողոցում մարդկանց գնդակահարում են, հետո քաղաքական դաշտում` քննադատում: |
Հովհաննես Սահակյան, Հանրապետական կուսակցության պատգամավոր
Էդ երբվանի՞ց է Սեյրան Օհանյանը հասկացել, որ քաղբանտարկյալներ կան: Բարդ է, երբ կարգավիճակի փոփոխությունը բերում է ուրիշ մտածելակերպի: |
Նիկոլ Փաշինյան, Աժ ընդդիմադիր պատգամավոր
Վաղը, հավանաբար, նման հայտարարությամբ հանդես կգա նաև Հովիկ Աբրահամյանը: Դա ի՞նչ կփոխի քաղաքական իրավիճակում: Քաղբանտարկյալների մասին մենք չենք խոսել մեր հրաժարականից հետո: Պատահական չէ, որ «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրում հստակ արձանագրված է. մեր հաղթանակի դեպքում քաղաքական հետապնդումները բացառվելու են: |