Մտավորականներն ամփոփում են տարին
Մշակութային գործիչներն ամփոփում են 2016-ի ձեռքբերումներն ու բացթողումները. ոմանց համար տարին լի էր նշանակալի իրադարձություններով, ոմանք էլ գտնում են, որ ոլորտում էական տեղաշարժեր չկան: Այս ամենին զուգահեռ մշակութային որոշ գործիչներ էլ արձանագրում են մշակութային դաշտի հստակ տարանջատում: |
Արմեն Ամիրյան, ՀՀ մշակույթի նախարար
Թատերային արվեստի ոլորտում 2016-ին ունեցանք երկու հրաշալի ներկայացումներ՝ «Տոսկա» (օպերային թատրոն) և «Պեպո» (Մայր թատրոն), որոնք արտահայտում են մեր ցանկություններն ու պատկերացումները թատերական և օպերային ներկայացումների մասով: |
Հակոբ Ղազանչյան, ՀԹԳՄ նախագահ, ռեժիսոր
Տարին լի է եղել նշանակալի իրադարձություններով. փառատոններ, հյուրախաղեր, այցելություններ մարզային թատրոններ և հոբելյանական երեկո: Տարվա գլխավոր թատերական իրադարձությունը ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունն էր, որն ավանդաբար անց է կացվում մարտի 27-ին` Թատրոնի միջազգային օրը: «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի նվիրված էր Հայաստանի թատերական գործիչների միության 75-ամյակին: |
Հրանտ Վարդանյան, ռեժիսոր
Անցնող տարին կորուստներով լի էր հայ ազգի համար, որովհետև արևի լույսի պես մեր ազգի զավակներին կորցրեցինք: Մեր ազգը միամիտ է, բայց դա առիթ չպետք է տա ամեն մեկին վիրավորել մեր ազգին: Շան որդի են նրանք, ովքեր վիրավորում են ամբողջ ազգին, փնովում: Ինձ համար ազգը երեխաներն են, եկող սերունդը: |
Զավեն Բոյաջյան, կինոգետ
Արդեն որերրորդ տարին է` կինոյի ոլորտում էական տեղաշարժեր չկան: Պատճառները շատ են: Կարևոր լուծումներ են պետք, որոնք չկան առայժմ, ուստի չգիտեմ` այս վիճակն ինչքան կարող է շարունակվել: Բուն իմաստով մենք կինոպրոցես չունենք, այսինքն` լուրջ կինոարտադրություն չունենք, ունենք հատուկենտ փորձեր: Այն ամենն, ինչ հայկական կինոյի անվան տակ մատուցվում է, անհամ կատակերգություն է: |
Վահան Արծրունի, երգիչ
Որպես արվեստագետ պետք է արձանագրեմ հստակ մշակութային դաշտի սեգմենտավորում: Նախագահի հետ հանդիպման ժամանակ մենք տեսանք, որ տարբեր դիստանցիայի վրա գտնվող մշակութային գործիչներ ինչպես ինքնադրսևորվեցին: Նախագահի ազդակը և ուղերձը հստակ էր` մենք ստեղծում ենք մի տիրույթ, որտեղ համախմբվում են իշխանությունների մշակութային գործիչներ: Սա ինձ չի զարմացնում և նորություն չկա այդտեղ, պարզապես ինձ համար ուրախալի է, որ այդ ազդակը հստակ ձևակերպում ստացավ: Կան մարդիկ, որոնք խիստ արտոնյալներ են, կան ոլորտներ, որոնք անսահման ֆինանսավորում են ստանում: Պետք է ոլորտում հավասար զարգացման պայմաններ ստեղծվեն: |
Էլֆիք Զոհրաբյան, դերասան, դրամատուրգ
Թատրոնը թատրոն է նախ իր արտիստներով ու բեմադրիչներով, իսկ մերոնք ունեցան հաջողություններ ոչ միայն բեմում, այլ նաև ֆիլմերում: Արժանացան տարբեր պարգևների, կոչումների, մրցանակների, բեմադրվեցին նոր ներկայացումներ՝ իրենց գեղարվեստական արժանիքներով ու թերություններով, թատրոնը մասնակցեց փառատոնների, մեր թատերական բուհից նոր սերունդ է մուտք գործում թատրոնի ստեղծագործական խումբ, քաղաքն արդեն ունի երկու թատերական ստուդիա և այլն: Բացթողումների գլխավոր պատճառն առնչվում է ֆինանսական խնդրի հետ, բայց դա արդեն հոգնեցնող թեմա է, տնօրենները պետք է կարողանան հայթայթել ֆինանանսական աղբյուրներ, որպեսզի, ասենք, չմերժեն եվրոպական երկրներից ստացված հյուրախաղի հրավերները: Արվեստի բոլոր գործիչներին մաղթում եմ մեծ հաջողություններ 2017-ին, ուրախ տրամադրություն, իսկ մեր նոր տնօրենին՝ ողջերթ: |
Դավիթ Գասպարյան, գրականագետ
Այս տարի մեզնից պակասեց հայ մարդու արժանապատվությունը. հայ մարդն իր հանդեպ հարգանքը և հավատը կորցրել է: Եթե կարողանանք աստիճանաբար ազգային արժանապատվությունը վերականգնել, շատ բան տեղին կլինի: Այս վերջին տարիների դեպքերը անկման հասցրեցին մեզ, բերեցին մեր հավատի, վստահության կորստի, ամեն տեսակ արժեքների կորստի: Ուզում ես մարդկանց դեմքին մի ժպիտ որոնել, բարեկրթություն, բայց որտեղի՞ց, չես գտնի: |
Աիդա Ներսիսյան, հաղորդավարուհի
Տխուր էր անցնող տարին: Տխուր էր ապրիլյան պատերազմի արհավիրքով, մեր լուսավոր, քաջսիրտ զավակների կորստով, քաղաքական հետապնդումներով, մշակութային արժեքների ոչնչացմամբ, ժողովրդի թշվառության հաշվին դղյակներ կառուցող ու հարստություն դիզող պետական այրերի անպատժելիությամբ, և այս ամենի արդյունքում` անասելի չափերի հասած արտագաղթով: Բայց ժողովուրդը դիմակայեց ու շարունակում է դիմակայել այս ամենին` հանուն երկրի ներսում կայունության պահպանման և հույսով, որ մի օր լավ է լինելու: |