Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչպես է սկսվելու Երրորդ համաշխարհային պատերազմը. Foreign Policy

21:05, երկուշաբթի, 21 նոյեմբերի, 2016 թ.
Ինչպես է սկսվելու Երրորդ համաշխարհային պատերազմը. Foreign Policy

«Չորս տարի առաջ ես կանխատեսել եմ Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա: Ահա իմ հաջորդ կանխատեսումը, որը շատերին ակնհայտ կթվա: Հերթում Բալթյան երկրներն են, որոնք առաջին և ամենամեծ փորձություններից մեկն են դառնալու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի համար»,- գրում է Foreign Policy-ի հոդվածագիրը:
     Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ունի հստակ նպատակ և ռազմա-քաղաքական մարտավարություն: Բայց ոչ բոլոր ռեալիստներն են դա հասկանում: Ոմանք պնդում են, որ նա ղեկավարվում է բանական, պաշտպանողական նպատակներով՝ ՆԱՏՕ-ի ընդարձակումը նրան վտանգ է թվում, և Ռուսաստանն իր հերթին համապատասխան արձագանք է տալիս: Արևմուտքն ընդարձակել է իր ազդեցության ոլորտը Ռուսաստանի հաշվին, և հիմա Ռուսաստանը վրեժ է լուծում:
     Դա անհեթեթություն է, ինչպես և ակադեմիական վերլուծությունների մեծամասնությունը, կարծում է հեղինակը: Պուտինը կարծում է, որ Ռուսաստանի հեգեմոնիան մերձավոր արտասահմանում անհրաժեշտ է Ռուսաստանի անվտանգության համար՝ ռուսական պետականության և պատմական նշանակության մասին իր պատկերացումներից ելնելով:
     Պուտինը (և, հնարավոր է անգամ` իր ներքին շրջապատը) պարզապես ազգայնական չէ: Ինչպես երևում է, Կրեմլը ղեկավարվում է ռուս ազգայնականության ինքնատիպ ձևով, որը միահյուսվում է կրոնի, ճակատագրի և մեսիականության հետ: Այս մեկնաբանմամբ` Ռուսաստանն ուղղափառության պահպանողն է և կատարում է կրոնի պահպանության և տարածման առաքելությունը:
     Պուտինի համար ՆԱՏՕ-ն Եվրոպայում լիբերալ կարգի երաշխիք չի հանդիսանում և հիմնական խոչընդոտն է Ռուսաստանի հզորության համար, այդ պատճառով Պուտինի ռազմա-քաղաքական մարտավարությունը պահանջում է ՆԱՏՕ-ի կործանումը: Մասնավորապես, նա պետք է անիմաստ դարձնի Հոդված V-ում նախատեսված փոխադարձ անվտանգության երաշխիքները:
     Պուտինին արդեն հաջողվել է խաթարել վստահությունը ՆԱՏՕ-ի հանդեպ: Նրա վերջին երկու նպատակները՝ Վրաստանն ու Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չեն հանդիսանում:
     ՌԴ նախագահի համար հիմա ավելի բարենպաստ միջազգային իրավիճակ է ստեղծվել: Եվրոպական միասնականությունը խախտվել է, իսկ ԱՄՆ նոր նախագահը, ինչպես երևում է, պատրաստ է արդարացնել Ռուսաստանի անպատասխանատու վարքագիծը:
     Պուտինի հաջորդ քայլն ավելի վտանգավոր է, քան նախորդները, քանի որ նա, ամենայն հավանականությամբ, կսկսի մոտենալ Բալթյան երկրներին, որոնք ՆԱՏՕ-ի անդամ են: Պուտինը կփորձի ոչ միանշանակ ռազմականացված ճգնաժամ սադրել վիճելի խամաճիկների օգնությամբ: Հավանաբար, ռուսախոս լատվիացիները կամ էստոնացիները (էթնիկ ռուսները) կսկսեն խռովություններ անել, իրենց իրավունքները պաշտպանել և պնդել, որ հետապնդումների են ենթարկվում՝ խնդրելով «միջազգային պաշտպանություն»: Եվ այստեղ կհայտնվի լավ զինված «Ժողովրդական ռազմաճակատը»: Մի քանի աղմկոտ սպանություններից և ռմբակոծություններից հետո Բալթյան երկրները` Լատվիան, Լիտվան և Էստոնիան, կհայտնվեն քաղաքացիական պատերազմի շեմին:
     Ռուսաստանն արգելափակելու է ՄԱԿ-ի ԱԽ-ի բոլոր բանաձևերը և դրա փոխարեն առաջարկելու է իր ծառայությունները:
     Ալյանսի և ոչ մի անդամ այլևս չի հավատալու, որ պայմանագիրը կարող է երաշխավորել իր պաշտպանությունը Ռուսաստանից: Աշխարհաքաղաքական ժամացույցը կվերադառնա 1939թ.: Արևելյան Եվրոպայի որոշ երկրներ կարող են անցնել Ռուսաստանի կողմը: Մյուսներն, սկսած Լեհաստանից, կսկսեն զինվել մինչև ատամները:
     Պառակտված Արևմուտքի և Եվրոպայում բաց դաշտի մասին Պուտինի երազանքն իրականություն կդառնա:
     Բայց եթե դաշինքն իսկապես ընդունի Հոդված V-ն, ապա դա հավասարազոր կլինի Ռուսաստանին պատերազմ հայտարարելուն: Եվ այդժամ Թրամփը պետք է որոշի` արժե արդյոք Լատվիայի պաշտպանության համար ռիսկի դիմել Երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկով:

17280 | 4
Facebook