Ամեն տարի նոյեմբերի 2-ին նշվում է լրագրողների հանդեպ հանցանքների անպատժելիության դեմ պայքարի միջազգային օրը:
Լրագրողի աշխատանքն ամենավտանգավորներից է աշխարհում, քանի որ հաճախ լրագրողներն իրենց կյանքով են փոխհատուցում ճշմարտությունները վեր հանելու համար: Վերջին 10 տարում միջին հաշվարկներով մարդասպանների զոհն է դարձել տարեկան ավելի քան 80 լրագրող: Սրանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաշվարկներն են:
Ընդ որում, որպես կանոն, լրագրողներին սպանողները ոչ մի պատասխանատվության չեն ենթարկվում, այդ սպանությունների հետաքննություններն ավարտին են հասցվել միայն 7%-ի դեպքում:
«Մենք ականատես ենք լինում, որ այս սարսափելի թիվը՝ տարեկան 80 լրագրող, աճում է, ոչ թե նվազում: Ընդհանուր առմամբ՝ 2006 թվականից ի վեր սպանվել է 827 լրագրող»,- ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան մասնագետ Մարիուս Լուկոշյունասը:
Լրագրողների հանդեպ հանցանքների անպատժելիության ինդեքսում առաջատարը կոնֆլիկտային գոտիներն են՝ Սոմալին, Սիրիան, Իրաքը: Սակայն լրագրողները զոհվում են նաև խաղաղ պայմաններում:
95% դեպքերում լրագրողներն սպանվել են՝ լուսաբանելով տեղական հանցագործություններ՝ կաշառակերություն, քաղաքական կառույցների հետ կապված խնդիրներ, բնապահպանական հարցեր: