Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ներկայացվեց հայ գրողների ստեղծագործությունները ներառող «Գվիդեոն» ամսագրի նոր համարը

18:00, ուրբաթ, 23 սեպտեմբերի, 2016 թ.
Ներկայացվեց հայ գրողների ստեղծագործությունները ներառող «Գվիդեոն» ամսագրի նոր համարը

«Գրական տապան 2016» փառատոնի շրջանակում սեպտեմբերի 23-ին անցկացվեց «Ռուսսկիյ Գուլիվեր» հրատարակչության նախաձեռնությամբ լույս ընծայվող «Գվիդեոն» ամսագրի նոր համարի շնորհանդեսը:

Այն ներառում է հայ գրողների ստեղծագործություններ, որոնք թարգմանվել են ռուսերեն: «Ռուսսկիյ Գուլիվեր» հրատարակչական նախագծի ղեկավար, բանաստեղծ Վադիմ Մեսյացը շնորհանդեսի ընթացքում տեղեկացրեց, որ իրենց նախագիծը հիմնադրվել է դեռևս 2004 թվականին և ակտիվ գործունեություն է ծավալում:

«Մենք որոշեցինք ռուսերեն հրատարակել հայ բանաստեղծների և արձակագիրների գործերը: Վստահ եմ, որ ամսագրի գործերը կհետաքրքրեն մարդկանց` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ ստեղծագործողները լավ են գրում»,- շնորհանդեսի ընթացքում նշեց Վադիմ Մեսյացը:

Տեղեկացնենք, որ թարգմանվել են Համբարձում Համբարձումյանի, Նարա Վարդանյանի, Նշան Աբասյանի, Հրաչյա Սարուխանի, Հրաչյա Թամրազյանի, Հովհաննես Գրիգորյանի, Էդուարդ Հարենցի, Գևորգ Գիլանցի և այլոց գործերը: Բացի այդ, ամսագիրն ընդգրկել է նաև հայ ռուսագիր հեղինակների ստեղծագործություններ: Ամսագրի այս համարում տեղ են գտել Հրանտ Մաթևոսյանի «Բանի աշխարհը» մենախոսությունը և նոր թարգմանություններ Պարույր Սևակի բանաստեղծություններից:

Գրող Հովհաննես Ազնաուրյանը, ում ստեղծագործությունները ևս ներառվել են «Գվիդեոն»-ի նոր համարում, նշեց, որ կարևորում է նման նախաձեռնությունները: Նա առանձնահատուկ շեշտեց, որ Հրանտ Մաթևոսյանի հետ նույն համարում հրատարակվելը պատիվ է:
     Հիշեցնենք, որ գրականության ոլորտի տարբեր ներկայացուցիչներ աշխարհի տասնյակ երկրներից Հայաստանում սեպտեմբերի 18-28-ը մասնակցում են «Գրական տապան 2016» փառատոնին:

2119 | 0
Facebook