«Լավ օրից չէ, որ այդ մարդիկ նախընտրում են այս հարթակը». «Կիսաբաց լուսամուտներ»-ի փորձագետը պատասխանում է Նիկոլ Փաշինյանին
15:25, չորեքշաբթի, 24 օգոստոսի, 2016 թ.
Երեկ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Ա ԹԻ ՎԻ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարին՝ շեշտելով, որ հաղորդումն աչքի է անցկացրել ալիքները փոխելու ժամանակ և այն ամբողջությամբ աղբ է: Նիկոլ Փաիշնյանի հայտարարության այսօր բաց նամակով պատասխանել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի փորձագետ Մամիկոն Խուրշուդյանը: «Հարգելի պատգամավոր Փաշինյան, Ձեր հայտնած «աղբը» պատճառ է դարձել, որ այս 5 տարիների ընթացքում հազարավոր կարիքավոր ընտանիքներ ունենան՝ 1. բնակարաններ 2. ավտոմեքենաներ 3. գումար 4. գյուղատնտեսական գործիքներ և տեխնիկա 5. կահույք 6. հագուստ 7. գրենական պիտույքներ 8. սնունդ 9. կենցաղային տեխնիկա 10. դեղորայք 11. շինանյութ Ինչպես նաև հազարավոր կարիքավոր ընտանիքներ անվճար օգտվել են՝ 1. բժշկական օգնությունից /նաև վիրահատությունից/ 2. փաստաբանական ծառայությունից 3. հոգեբանական ծառայությունից: Պարոն Փաշինյան, շնորհիվ «Կիսաբաց լուսամուտների»՝ հազարավոր կարիքավոր երեխաներ իրենց ամառային հանգիստն են անցկացնում Հայաստանի տարբեր ճամբարներում, շնորհիվ հաղորդման հյուրերի և գործընկերների՝ գործազուրկ քաղաքացիները գտնում են հարմար աշխատանք, եթերով հանդես գալուց և շատ խնդիրներ վեր հանելուց հետո հարթվում կամ լուծվում են բազմաթիվ կնճռոտ հարցեր և քաղաքացիների միջանձնային վեճեր, որը չի հասնում դատարան, անգամ ամուսնական զույգերի բաժանումներն են Կիսաբացի հենց եթերում կրկին վերածվում միության: Հարգելի Փաշինյան, թվարկումներն ու փաստերը շատ են և հաստատ ավելի խոսուն, քան այս հաղորդման դեմ պոպուլյար հայտարարությունները: Լավ օրից չէ, որ այդ մարդիկ նախընտրում են այս հարթակը. սա հուսալքության, ոտնահարված իրավունքների, ունեզրկված ու լքված մարդկանց վերջին ճիչն է, որոնց օգնելու համար 24 ժամ աշխատում է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ողջ անձնակազմն ու փորձագետների խումբը: Երբեք չենք նահանջի մեր հայրենակիցների կողքին լինելու, օգնության ձեռք մեկնելու և դժվարություններին դիմակայելու գործում»: |
11306 | 10