Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պավել Մանուկյանը դիմում է իշխանություններին

10:35, երկուշաբթի, 08 օգոստոսի, 2016 թ.
Պավել Մանուկյանը դիմում է իշխանություններին

Պավլիկ Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Պավլիկ Մանուկյանի նամակը՝ հասցեագրված ՀՀ իշխանություններին.

«Հայաստանի Հանրապետության իշխանավորներին
    
     Դիմում եմ ձեզ, որպես բանիմաց ու պետականությամբ մտահոգ մարդկանց, քանզի տարիներ շարունակ դուք ձեզ հենց այդպիսին եք ներկայացել: Եթե այդպես է, ուրեմն մեր պայքարի նպատակը նույնն է. կերտել Հային վայել Հայոց պետություն: Սակայն այդ ճանապարհին մեզ խոչընդոտում է հայաստանյան դրածո իշխանությունը, որն իր նյութեղեն կարիքները բավարարելու համար հանդգնում է արդեն վաճառասեղանին դնել մեր արյամբ ձեռք բերված հողերը: Դուք, որ պատգամավոր եք կամ նախարար, դատավոր եք կամ դատախազ, մարզպետ եք կամ դեսպան, երբևէ մտածե՞լ եք, որ արցախյան հողերը հանձնելուց հետո, մի օր էլ ձեր աթոռի տակի հողն են հանձնելու: Մի՞թե դուք հավատում եք, որ փոխզիջում է լինելու, և ոչ թե՝ զիջում, ու ազատագրված տարածքները հանձնելուց հետո ինչ որ ուժեր ապահովելու են մեր հայրենակիցների անվտանգությունը: Մի՞թե ձեզ ոչինչ չի հուշում մեր ժողովրդի դառը պատմությունը` Կարսը, Շահումյանը, և մի՞թե դասեր չեք քաղել անցյալի սխալներից: Գոնե գիտակցո՞ւմ եք, թե հողերը հանձնելուց հետո որքան է երկարելու Ղարաբաղի սահմանը, և որ այդքան խեղճ ու կրակ ընտանիքների երեխաներ չկան, որ սահման պահեն, ու թշնամին կարող է հասնել տաքուկ անկյուններում պատսպարված ձեր երեխաներին: Լավ, դրանից հետո ո՞նց եք նախկինի պես փառաբանելու հայոց բանակը և հոտնկայս խմելու այդ հողերը հանձնողի կենացը: Հասկացե՜ք, ո՜չ Քյոնիքսբերգը, ո՜չ Դանցիգը, ո՜չ էլ Ստրասբուրգը այլևս հնարավոր չէ պատկերացնել Գերմանիայի կազմում, ո՜չ էլ Լվովը կամ Բրեստը՝ Լեհաստանի: Դրանք բոլորն էլ պատերազմի արդյունքում ձեռք բերված տարածքներ են: Մենք էլ, որպես պատերազմում հաղթանակած երկիր, վերականգնել ենք պատմական արդարությունը: Դուք մեզ քարկոծում եք իշխանության դեմ դուրս գալու համար՝ առանց գիտակցելու, որ դա պայքար է վասն հայրենյաց, և եթե դուք մասն եք կազմում այս ժողովրդի, ուրեմն՝ նաև հանուն ձեզ ու ձեր երեխաների ապագայի: Դուք, որ քաջալերում եք մեզ վրա կրակողներին ու մեզ բանտարկողներին և կարծում եք, որ ենիչերիների հրոսակախմբի սվիններով ու պետական ահաբեկչությամբ կարելի է պահել այս անմեղսունակների համակարգը՝ չարաչար սխալվում եք, որովհետև չեք հասկանում, որ մենք ոգեղեն ենք, իսկ խաչվածին մահ չկա, և վաղը Սասնա Ծուռ է դառնալու ողջ ազգը: Դուք, որ սահմանադրություններ ու օրենքներ եք գրում ու փոխում, մեզնից լավ գիտեք, որ Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը լոկ իրավաբանական հասկացություններ չեն. դրանց մեջ ներառվում են մարդ, տուն, ընտանիք, ցեղ, երկիր, պատիվ, արժանապատվություն, հավատ, հավատամք, երազանք ու էլի շատ արժեքավոր բաներ: Մի՜ ոչնչացրեք այդ արժեքները: Եթե դուք ձեզ հայ եք համարում, լսեք մեր զոհված քաջորդիների հոգիների խռովքը, ըմբոստացեք նրանց արյունը վաճառողների դեմ՝ թեկուզ հանուն ձեր երեխաների հայ մնալու գաղափարի: Ուշքի՜ եկեք, սթափվե՜ք, վաղն ուշ է լինելու. դուք կամ ընդվզում եք երկիր հայրենին ուրացողի դեմ, պահանջում եք նրա հրաժարականը և մնում եք հայ, կամ ուրանում եք ազգը, ընկնում եք ձեր հովանավորի ոտքերը և վայելում կերակրատաշտից ձեզ բաժին հասած թերմացքը: Գուցև, երբևէ, մեր ժողովուրդը ձեզ ների իրեն թալանելու և նվաստացնելու համար, բայց տարածքները հանձնելը չի ներվելու»:
    
     Պ. Մանուկյան` «Սասնա ծուռ»,
     «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ

29707 | 7
Facebook