Սև սուրճը` վաղ արթնանալու միակ մխիթարանք
Մեզանից շատերը դժվարանում են պատկերացնել օրվա սկիզբն առանց մեկ բաժակ սև սուրճի: Սուրճի մասին կարծիքներն ու տեսակետները միշտ շատ հակասական են եղել: Մարդու օրգանիզմի վրա սուրճի ազդեցության մասին առ այսօր իրականացվել են ավելի քան 19 հազար տարաբնույթ հետազոտություններ: Բայց, ինչպես հայտնի է` սուրճի գլխավոր բաղադրիչը կոֆեինն է, որն ունի ինչպես դրական, այնպես էլ` բացասական ազդեցություն: Համապատասխան չափաբաժնով կոֆեինը ուժեղացնում է դրական պայմանական ռեֆլեքսները և ակտիվացնում է ուղեղի բջիջները: Այն նպաստում է մտավոր եվ ֆիզիկական աշխատունակության աճին, հոգնածության և քնկոտության նվազեցմանը: Այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել, որ կոֆեինի չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել նյարդային բջիջների հյուծման: Կոֆեինն ազդում է նաև մարդու վեգետատիվ համակարգի վրա. սրտի բաբախումների ուժգնությունն ու հաճախականությունը մեծանում են, ստամոքսահյութի արտադրությունն ավելանում է, շատանում է քրտնարտադրությունը, բարձրանում է մարմնի ջերմաստիճանը և այլն: Չնայած կոֆեին պարունակող ըմպելիքների օգտագործումից անմիջապես հետո սովորաբար բարելավվում է մարդու ինքնազգացողությունը, առաջանում է առույգության զգացում, սակայն այս ամենին զուգահեռ՝ կոֆեինի ազդեցությամբ թուլանում է մարդու դիմադրողականությունը, մեծանում է թթվածնի պահանջը, իսկ դա արդեն անբարենպաստ ազդեցություն է ունենում սրտամկանի վրա: Նշենք, նաև որ կոֆեին պարունակող ըմպելիքների պարբերաբար օգտագործումը արագացնում է տարիքային հիվանդությունների զարգացումը: Դա է պատճառը, որ տարեցներին խորհուրդ է տրվում խուսափել նման ըմպելիքների օգտագործումից: |