Մյունխենում կայացած բանակցությունների ժամանակ գերտերությունները համաձայնության են եկել Սիրիայում հրադադար հայտարարելու վերաբերյալ, բայց խաղաղության մասին խոսելը դեռ վաղ է: Այս մասին գրում է բրիտանական The Telegraph լրատվականը:
Ինչպես հայտնի է, մեկշաբաթյա ժամկետով Սիրիայի տարածքում հրադադար կլինի, իսկ սիրիական քաղաքներին, որոնք երկար ժամանակ շրջափակաման մեջ են եղել, մարդասիրական աջակցություն կտրամադրվի անմիջապես:
Հրադադարի մասին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նշել է. «Դա հավակնոտ նպատակ է: Գլխավոր հարցն այն է, թե կկատարեն արդյոք բոլոր կողմերն իրենց առջև դրված խնդիրները»: Ներկա պահին ոչ Քերին, ոչ Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովը չեն կարող ամբողջական հրադադար երաշխավորել:
Իսկ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը, հրադադարի մասին համաձայնագիրը կարևոր քայլ որակելով, նկատել է. «Այն հաջողությամբ կպսակվի միայն այն դեպքում, երբ սիրիական ռեժիմին աջակցող ուժերը փոխեն իրենց դիրքորոշումը»: