Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Այսօրվա իրականությունը շատ տխուր է, չեմ ուզում իմ արվեստում միայն օրվա խնդիրներով լինել». Արևշատ Ավագյան

14:01, հինգշաբթի, 21 հունվարի, 2016 թ.
«Այսօրվա իրականությունը շատ տխուր է, չեմ ուզում իմ արվեստում միայն օրվա խնդիրներով լինել». Արևշատ Ավագյան

Բանաստեղծ, գեղանկարիչ, թարգմանիչ, Մովսես Խորենացի մեդալակիր Արևշատ Ավագյանի «Խոսք, գույն, մեղեդի» յուրօրինակ խորագիրը կրող ստեղծագործական երեկոյի ընթացքում ցուցադրվեցին նրա գեղանկարչական նոր աշխատանքները:

«Հնչեցին իմ ստեղծագործությունները, իմ տեքստերով գրված երգերը, ինչպես նաև ցուցադրվեցին նախորդ տարվա ստեղծագործություններն ու նոր գործերը»,-MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց արվեստագետը: Նրա խոսքով` այժմ նոր երգերի ու բանաստեղծությունների վրա է աշխատում, նաև նոր նկարներ է նկարում:

«Այսօրվա իրականությունն ինչ-որ մի տեղ շատ տխուր է, և ես իմ արվեստի մեջ փորձում եմ ոչ միայն օրվա խնդիրներով առաջնորդվել, այլ` հավերժական թեմաներով: Նկարներիս մեջ կա այն հավատն ու սերը, որ թևածում է որպես երազանք, որպես լույս, մաքրություն ու բարություն…հենց դրանք եմ փորձում նկարներիս միջոցով հասցնել իմ արվեստասերներին»,- ասաց նկարիչը: Նրա խոսքով` որքան էլ այսօրվա իրականությունն իրեն մտահոգում է, բայց չի հուսահատվում և հավատում է մեր ազգի, ժողովրդի, մեր մշակույթի ապագային: «Շատ կուզեի, որ ամեն ինչ ազգային ու համամարդկային լիներ մեր միջավայրում. կամեցող, իրար սիրող ու գնահատող, իրար չժխտող, իրար չհեգնող և իրար ձեռք չառնող»:

Արևշատ Ավագյանն իր արվեստի միջոցով փորձում է մարդկանց համախմբել, հավատ ներշնչել: «Այն, որ այդ հավաքական կամքը մեր ժողովրդի ապագայի հանդեպ իմ աշխատանքներով երևում է, ինձ ուրախացնում է»,-ամփոփեց նկարիչը:

15228 | 0
Facebook