Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայ ցուցարարը Բաղրամյան պողոտայում ուկրաինական դրոշ է ծածանում. ռուսական քարոզչամեքենայի հերթական սադրանքը

05:38, ուրբաթ, 26 հունիսի, 2015 թ.
Հայ ցուցարարը Բաղրամյան պողոտայում ուկրաինական դրոշ է ծածանում. ռուսական քարոզչամեքենայի հերթական սադրանքը

Ռուսական «Կոմերսանտ» լրատվականի թղթակից Մաքսիմ Յուսինն, անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ երևանյան ցույցերին, մասնավորապես՝ այդ ցույցերը ռուսական ԶԼՄ-ների կողմից ուկրաինական Մայդանի հետ կապելու փորձին, գրել է. «Ռուսաստանյան մի շարք կայքեր, անգամ լուրջ լրատվամիջոցներ, Երևանի ցույցերի մասին հաղորդելով ու ուկրաինական մայդանի հետ աղերսներ գտնելով, որպես իրեղեն ապացույց՝ ի ցույց են դնում մի լուսանկար, որում հայ ցուցարարը ծածանում է ուկրաինական կապույտ-դեղին դրոշը: Խնդիրը սակայն այն է, որ այդ լուսանկարը կեղծիք է:

Դրանում դժվար չէ համոզվելը՝ համեմատելով այդ կադրը նույն ցուցարարի՝ Բաղրամյան պողոտայում մեկ այլ լուսանկարի հետ. Ցուցարարը ծածանում է հայկական կարմիր-կապույտ-նարնջագույն դրոշը: Ֆոտոշոփի միջոցով կարմիր գույնը կտրել ու ստացել են ուկրաինական դրոշը:

Դե իսկ լրագրողներն ու մեկնաբաններն էլ եզրակացություն արել են՝ ելնելով նրանից, թե ինչ գաղափար են ցանկանում առաջ տանել: Այդ կեղծիքին տուրք են տվել նաև ուկրաինացի որոշ բլոգերներ՝ գրելով ուկրաինական հեղափոխության գրավիչ առավելությունների մասին: Իսկ ռուսական քարոզչությունը գրեց «Երևանում բանդերական դեսանտի» ու «մայդանը ներկրելու» ձգտումների մասին: Ու ոչ մեկի մտքով անգամ չանցավ փոքրիկ հետաքննություն անցկացնել և սենսացիոն կադրի իսկությունը պարզել:

Ինչո՞ւ ստուգել, երբ տեսանյութից վերցված կադրը ինքնին ցուցադրում է այն գաղափարը, որն ամեն գնով ցանկանում ես ներկայացնել: Ռուսաստանի քարոզչամեքենայի պարագայում դա գաղափարն է այն մասին, թե Երևանում սկսվում է հերթական «գունավոր հեղափոխությունը», թե ցուցարարների թիկունքին կանգնած է ԱՄՆ-ը, թե Մոսկվայի թշնամիների խնդիրը Սերժ Սարգսյանին տապալելն ու Հայաստանին «ռուսական ֆոբիա ունեցողների» ճամբարին միացնելն է, որը բնականաբար, ղեկավարում է «Կիևի խունտան»: Ամեն ինչ համընկնում է:

Իրականում ինչո՞ւ լսել այն մասին, որ ցույցի նպատակները տնտեսական են, որ հայկական ցույցում հակառուսական ենթատեքստ չկա: Ինչո՞ւ խորանալ նման նրբությունների մեջ, եթե կարելի է ամեն ինչ ներկայացնել հարմար, ավանդական դարձած լույսի ներքո: Փոխել «Կիև» բառը «Երևան» բառով ու առաջ:

Այն, որ սա ծուռ հայելի է, նենգափոխված իրականություն, երևում է՝ ոչ մեկի չի մտահոգում: Ու դա վտանգավոր է: Վտանգավոր է, քանի որ կեղծ իրականությունը, կերտված քարոզչամեքենայի միջոցով, արդյունքում ազդեցություն է թողնում նաև պետական քաղաքականության վրա և ստիպում է սխալներ գործել, մտացածին թշնամիներ փնտրել ու դատարկ տեղը խնդիրներ որոնել:

Երևանյան ցույցերը Մայդան չեն, Հայաստանը չի ցանկանում, ու չի էլ կարող իրեն թույլ տալ անցնել հակառուսական ճամբարի կողմը: Այդ դեպքում սեփական թիկունքում գտնվող Ղարաբաղը պահելու ակնկալիքը մթագնած կդառնա: Դա հրաշալի հասկանում է ևʹ իշխանությունը, ևʹ ընդդիմությունը:

Ու միայն ռուսական քարոզչամեքենան չի ցանկանում, նաև չի ուզում հասկանալ: Հետ են վարժվել: Նրանք սովոր են ու նրանց հարմար է ապրել մտացածին աշխարհում, որտեղ շուրջբոլորը թշնամիներ են, որտեղ բոլորը մեր դեմ դավեր են նյութում և որտեղ ցուցարարները փողոց են դուրս գալիս միայն նրա համար, որ յուրացնեն ամերիկյան փողերն ու «պետդեպարտամենտի կարկանդակներն» ստանան»:

11816 | 3
Facebook