Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կրեմլը վախենում է Հայաստանում հնարավոր հեղափոխությունից. «Bloomberg»

16:28, հինգշաբթի, 25 հունիսի, 2015 թ.
Կրեմլը վախենում է Հայաստանում հնարավոր հեղափոխությունից. «Bloomberg»

Երևանում վերջին 5 օրերի ընթացքում կատարվող իրադարձությունները լայնորեն քննարկվում են «Թվիթեր» միկրոբլոգում՝ #ElectricYerevan հաշթեգով: Ինչպես գրում է «Bloomberg» միջազգային գործակալությունն, այդ իրադարձությունները քննարկվում են նաև միջազգային մամուլում, սակայն դրանք չեն հայտնվում միջազգային հեղինակավոր պարբերականների առաջին էջերին:

«Փոխարենը՝ Երևանում ընթացող բողոքի ցույցերին ուշիուշով հետևում են Ռուսաստանն ու Ուկրաինան: Մոսկվան հատկապես զգուշանում է, որ այս իրադարձությունները չվերաճեն հեղափոխության իր ազդեցության գոտում գտնվող հետխորհրդային այդ երկրում:

Այս ամենն սկսվեց այն ժամանակ, երբ ՀԷՑ-ն անցած ամիս պահանջեց կառավարությունից բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: ՀՀ կառավարությունը բավարարեց այս պահանջը՝ հունիսի 17-ին որոշում կայացնելով, որ օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանա 16.7%-ով: Երկու օր անց այս ամենի դեմ բողոքող ժողովուրդը բողոքի առաջին ցույցն անցկացրեց, որին սակայն հետևեցին ոստիկանության բռնությունները՝ մոտ 250 մարդու ձերբակալում և ջրցան մեքենաների կիրառում՝ ժողովրդի խաղաղ ցույցը ցրելու նպատակով:

Այս ամենը, սակայն, այսքան մեծ արձագանք չէր ստանա, եթե ՀԷՑ-ը չգտնվեր ռուսական «Ինտեր ՌԱՕԵԷՍ»-ի կազմում: Այսպիսով՝ հայերն այս բողոքի միջոցով բողոքում են նաև Ռուսաստանի և նրա քաղաքականության դեմ: Կրեմլը քաջատեղյակ է այս ամենից: ՌԴ նախագահի մամուլ խոսնակ Դմիտրի Պեսկովն այս ամենի մասին նշել է. «Հայաստանը մեր գործընկերն է, ում հետ մենք պատմական կապերով ենք կապված: Այս ամենը Հայաստանի համար կարծես որոտի ճայթյուն էր»: Դրանից հետո մարդիկ սկսեցին քննարկել, որ Ռուսաստանը խիստ անհանգստացած է Երևանում ծավալվող իրադարձություններից և արդեն միջամտելու պատրաստակամություն է հայտնել՝ եթե իրավիճակը դուրս գա վերահսկողությունից:

Մոսկվան պարզապես անհանգստացած է, որովհետև Ուկրաինայում նույնպես ամեն ինչն սկսվեց այսպիսի խաղաղ ցույցերից: Դրանից հետո ոստիկանությունն ուժ կիրառեց, որը կատաղեցրեց մարդկանց և այդ ամենն ընդամենը երկու ամսվա ընթացքում Կիևը ծածկեց ծխի մեջ: Հիմա ուկրաինացիները, հպարտանալով նրանով, որ իրենք կարողացան դուրս բերել իրենց երկիրը Ռուսաստանի ազդեցությունից, ցանկանում են նույնը տեսնել Երևանում: Այդ իսկ պատճառով ուկրաինական լրատվամիջոցներն այդ դեպքերը լուսաբանում են՝ դրանք անվանելով հայկական մայդան:

Սակայն Երևանի ցույցերը հեղափոխության ոչ մի նշույլ չեն տալիս և հավանականություն էլ չկա, որ մոտ օրերս դրանք մայդանի կվերածվեն, պարզապես Պուտինի խելացնոր վարչակազմը առիթը բաց չի թողնում զենքերը կազմ-պատրաստի բերելու համար: Փոխարենը, սակայն, նա պետք է վերացնի իր ընկերությունների ներսում տարածված կաշառակերությունը, որի դեմ, նա ցավոք, ի վիճակի չէ պայքարել, քանի որ ինքն է կոռուպցիա արտահանում իր ազդեցության ոլորտում գտնվող հետխորհրդային երկրներում»,- գրում է պարբերականը:

12843 | 0
Facebook