ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆֆ Ռաթկեն հայտարարել է, որ Միացյալ Նահանգների՝ Ղրիմի նկատմամբ կիրառված պատժամիջոցները չեն հանվելու այնքան ժամանակ, մինչև այն չվերադարձվի Ուկրաինայի իրավասությանը: Այս մասին հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքը:
Ռաթկեն, պատասխանելով լրագրողների հարցին, զարմանալիորեն նշել է, որ Մինսկի համաձայնագրի դրույթների կատարումը կապված չէ Ղրիմի նկատմամբ կիրառված պատժամիջոցների վերացման հետ, որին ԱՄՆ-ում համարում են ապօրինի կերպով բռնակցված Ռուսաստանին: Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն էլ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների կողմից կիրառված հակառուսական պատժամիջոցները կվերանայվեն, եթե Ռուսաստանը կատարի Մինսկի համաձայնագրի դրույթները:
Հիշեցնենք, որ Ղրիմի նկատմամբ պատժամիջոցները Միացյալ Նահանգները կիրառել է 2014թ.: Այդ պատժամիջոցների արդյունքում արգելքներ են սահմանվել նաև թերակղզու հետ առևտրային և ֆինանսական համագործակցության վրա: Այդ պատժամիջոցները պարտադրող բնույթ են կրում ԱՄՆ քաղաքացիների և ամերիկյան ընկերությունների համար: