Ինչպես հայտնի է, ապրիլի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կլինի Երևանում և կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Այս կապակցությամբ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի այցը Հայաստան չի անդրադառնա Ռուսաստանի և Թուրքիայի փոխհարաբերությունների վրա, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը
«Տվյալ դեպքում այդ միջոցառումները չեն կարող բնութագրվել որպես ինչ-որ բանի վնասող»,- հայտարարել է նա՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Կրեմլում մտավախություն չունեն, որ Պուտինի`առաջիկայում սպասվող այցը Երևան կարող է վնասել «Թուրքական հոսք» խողովակաշարի կառուցման հեռանկարներին:
«Մենք Թուրքիայի հետ շատ սերտ գործընկերական հարաբերություններ ունենք, որոնք ունեն տնտեսական փոխշահավետ համագործակցության շատ ամուր հիմք: Համաշխարհային շատ խնդիրների վերաբերյալ մեր դիրքորոշումները համընկնում են,- հավելել է Պեսկովն ու շեշտել,- Հայաստանը մեր հարևանն է, երկիր, որի հետ մեզ անհամար թելեր են կապում»: Ըստ Պեսկովի` խոսքը վերաբերում է ԵՏՄ-ին անդամակցության և ինտեգրման հետագա հեռանկարներին: