Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայերն ու հույները ստորագրահավաք են իրականացնում՝ ընդդեմ Ռասսել Քրոուի՝ ցեղասպանության փաստերն աղավաղող ֆիլմի

12:58, կիրակի, 18 հունվարի, 2015 թ.
Հայերն ու հույները ստորագրահավաք են իրականացնում՝ ընդդեմ Ռասսել Քրոուի՝ ցեղասպանության փաստերն աղավաղող ֆիլմի

Ավստրալացի դերասան Ռասսել Քրոուի «Ջուր որոնողը» ֆիլմը մեծ աղմուկ է բարձրացրել հայկական և հունական սփյուռքում: Գալլիպոլի ճակատամարտի մասին պատմող այս ֆիլմի անոնսներում պատմվում էր, թե այն փաստավավերագրական ֆիլմ է, որ պետք է պատմի հայերի և հույների ցեղասպանության մասին: Սակայն ֆիլմի՝ Ավստրալիայում և Թուրքիայում դեկտեմբերին կայացած պրեմիերաներից հետո պարզ դարձավ, որ իրականում այնտեղ խեղաթյուրված են պատմական փաստերը, և Ռասսել Քրոուն դրանք ներկայացրել է այնպես, որ թուրքերը հայտնվել են զոհի կարգավիճակում:

Հայկական և հունական սփյուռքն արդեն հազարավոր նամակներ է հղել տարբեր խմբագրություններ և հենց «Ջուր որոնողները» ֆիլմի տնօրինություն՝ պահանջելով չցուցադրել պատմական փաստերը խեղաթյուրող թուրքամետ ֆիլմը:

«Horizon weekly» պարբերականը գրում է, որ այդ ֆիլմը ոտնահարում է ցեղասպանությունը վերապրած հայերի և հույների սերունդների զգացումները: Թերթը վերջին 2 շաբաթների ընթացքում ստացել է հազարավոր նամակներ՝ պահանջով ելույթ ունենալ ցեղասպանության ընթացքում դաժանաբար սպանված մարդկանց անունից և դատապարտել ֆիլմը: «Եթե նկարահանեին մի ֆիլմ, որը Ադոլֆ Հիտլերին կսարքեր հերոս, իսկ հրեաներին՝ ահաբեկիչ, բոլորը հիստերիայի մեջ կընկնին: «Ջուր որոնողը» հենց այդ կերպ խեղաթյուրում է փաստերը և հանգստացնում Թուրքիային՝ նրան թույլ տալով շարունակել ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը»,- նամակներից մեկն է հրապարակում շաբաթաթերթը:

Նշենք, որ ֆիլմի ռեժիսորն ու գլխավոր դերակատարը Ռասսել Քրոուն է, դերասանական կազմի մեծ մասը թուրքեր են, նկարահանումները հիմնականում իրականացել են Թուրքիայում:

Միայն Ավստրալիայում ֆիլմն արդեն բերել է 10 միլիոն դոլար եկամուտ:

Առայժմ ոչ Ռասսել քրոուն, ոչ էլ կինոընկերությունը ոչ մի մեկնաբանություն չեն տվել այս առիթով:

«Ջուր որոնողը» ֆիլմի թրեյլերը
10868 | 6
Facebook