Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Տավուշյան հանելուկ․ ինչպես Փաշինյանը «համոզեց» Ալիևին․ «Հրապարակ»

09:18, ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
Տավուշյան հանելուկ․ ինչպես Փաշինյանը «համոզեց» Ալիևին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Տավուշյան հարցի մեկամսյա քննարկումների փափուկ «հանգուցալուծումով» Նիկոլ Փաշինյանն իրականում ոչ թե փակեց չորս բնակավայրերի հանձնման խնդիրը, այլ նոր հարցադրումներ ու կասկածներ առաջ բերեց։ Այսպիսով, մարտի 18-ին այցելելով Տավուշի մարզի Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղեր՝ Փաշինյանը բնակիչներին հայտնեց, որ պատրաստվում է միակողմանի զիջումների, վերադառնալով Երեւան՝ անգամ սպառնաց․ եթե ադրբեջանական հողերը տերերին չհանձնենք, պատերազմ կսկսվի։ Խոսքը հայտնի չորս բնակավայրերի մասին է, որոնք Ադրբեջանը պահանջել էր «անհապաղ» վերադարձնել իրեն: Բաղանիս Այրում, Վերին Ոսկեպար, Խեյրիմլի եւ Ղըզըլհաջիլի. սրանք տարածքներ են, որոնք սովետական մի կարճ շրջան ամրակցված են եղել Ադրբեջանին, իսկ 90-ականներից մեր վերահսկողության տակ են, բայց, Փաշինյանի պնդմամբ, դրանք ադրբեջանական հողեր են՝ ըստ Ալմա-Աթայի հռչակագրի։ Հայաստանի ղեկավարը մինչեւ Տավուշ մեկնելն ասուլիսով արձանագրեց՝ դրանք երբեք Հայաստանի տարածքում չեն եղել, Տավուշի գյուղերը չեն, ուստի Ադրբեջանինը պետք է տալ Ադրբեջանին։
     «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ»,- մարտի 18-ին Տավուշում ունեցած առաջին հանդիպման ժամանակ հայտարարել էր Փաշինյանը․ «Մենք տեսնում ենք, որ իրական հնարավորությունը՝ սահմանազատման ու սահմանագծման գործընթաց սկսելու, կարող ենք իրականացնել այս հատվածում՝ Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում»։ Այդ տարածքների հանձնումից հետո Տավուշը հայտնվելու է թշնամու բռի մեջ, կորցնելու ենք միջպետական ճանապարհի 10-15 կիլոմետրանոց հատվածը, գազամուղն է հայտնվելու ադրբեջանական տարածքում, ուստի Փաշինյանի այցը փոթորիկ բարձրացրեց ոչ միայն Տավուշում, այլեւ, առհասարակ՝ երկրում։
     Բուռն քննարկումներից օրեր անց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովի ղեկավարն է, ոչ միայն հերքեց, որ սահմանազատումը Տավուշից սկսելու համաձայնություն կա, այլեւ հերքեց Փաշինյանի այն ձեւակերպումը, թե գործընթացը գործնական փուլ է մտել։ Նա հայտարարեց, որ կողմերի միջեւ չկա համաձայնություն կարեւորագույն սկզբունքների շուրջ՝ «անվտանգություն, սոցիալ-կենցաղային, իրավական հարցեր», եւ «մինչեւ վերջնական որոշումներ չլինեն այդ հարցերի շուրջ, վերջնական որոշում, սահմանազատման մեկնարկի բանակցություններ սկսելու մասին չենք կարող ասել»:
     Մարտի կեսին գործնական փուլի մեկնարկից խոսող Փաշինյանն անցած շաբաթ խորհրդարանում բոլորովին այլ բան հայտարարեց, թե կոնկրետ տեղանքում սահմանազատում սկսելու որոշում չունեն։ «Մենք չենք եկել համաձայնության, որ այս կետից, էսինչ ձեւով էսքան հատվածում սկսում ենք պրոցես, բայց վաղը կարող ա համաձայնության գանք»: Եվ փորձեց մեղմել իր սպառնալիքը` հայտարարելով. «4 գյուղերը վերադարձնելը երաշխիք չէ, որ պատերազմ չի պայթի»։ Մեկամսյա ընդմիջումից հետո, նախօրեին վերադառնալով Տավուշ՝ Նիկոլ Փաշինյանը կրկին փոխեց հռետորաբանությունը։ Հանդիպումների մասնակիցները լրատվամիջոցներին պատմեցին, որ Փաշինյանն ասել է՝ ոչ թե զիջում է լինելու, այլ փոխանակում․ խոսքը Բերքաբերից Բաղանիս ընկած հեկտարները Ներքին Ոսկեպարի տարածքներով փոխանակելու մասին է։ Ասել է, որ բանավոր պայմանավորվածություն ունի Ալիեւի հետ, որ հարցը լուծվելու է ի շահ տավուշցիների։ Ավելին, հայտարարել է, որ Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի նախկինում ադրբեջանական հայտարարված հատվածն էլ չեն հանձնելու, բայց, այնուամենայնիվ, շրջանցող ճանապարհը կառուցելու են։ Ադրբեջանցիները, ըստ նախնական բանավոր պայմանավորվածության, գալու են կանգնեն Ներքին Ոսկեպարի գետի ափին, որը ճանապարհից 50-100 մետր է հեռու։ Ընդ որում՝ սահմանազատումից հետո երկուստեք նաեւ զինված ուժերն են դուրս բերելու՝ փոխարինելով սահմանապահներով»։

3406 | 0
Facebook