Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Կանխատեսվում է, որ մինչև 2050-ը գրեթե 2.5 միլիարդ մարդ կունենա լսողության ինչ-որ չափի կորուստ»․ Մուրադյան

13:06, կիրակի, 03 մարտի, 2024 թ.
«Կանխատեսվում է, որ մինչև 2050-ը գրեթե 2.5 միլիարդ մարդ կունենա լսողության ինչ-որ չափի կորուստ»․ Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամեն տարի մարտի 3-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես լսողության միջազգային օր, որը լավ առիթ է բարձրաձայնելու լսողության կորստի խնդիրը, որպես հանրային առողջության սպառնալիքներից մեկը, բնակչության իրազեկվածությունը էլ ավելի բարձրացնելու և խտրական վերաբերմունքի ու մտածողության փոփոխության հասնելու համար:
     Հասարակության մեջ խորապես արմատավորված թյուր պատկերացումներն ու խարանող մտածողությունը լսողության կորուստը կանխելու և դրա դեմ պայքարելու ջանքերը սահմանափակող հիմնական գործոններն են:
     Լսողության համաշխարհային օրը 2024-ին նվիրված է հասարակության սխալ ընկալման և խարանող մտածողության հետ կապված խնդիրների հաղթահարմանը` իրազեկվածության բարձրացման և հանրային ու առողջապահական ծառայություններ մատուցող ընկերություններին ուղղված տեղեկատվության փոխանակման միջոցով:
     Ըստ ԱՀԿ տվյալների`

Կանխատեսվում է, որ մինչև 2050թ-ը գրեթե 2.5 միլիարդ մարդ կունենա լսողության ինչ-որ չափի կորուստ, և առնվազն 700 միլիոն մարդ, կամ յուրաքանչյուր 10 մարդուց 1-ի մոտ կարձանագրվի լսողության կորուստ:

Ավելի քան 1 միլիարդ երիտասարդներ լսողության մշտական, կանխարգելելի կորստի վտանգի տակ են՝ լսողության անապահով մեթոդների պատճառով:

Ամբողջ աշխարհում ականջի խնամքի և լսողության պրոթեզավորման ծառայությունների ընդլայնման համար անհրաժեշտ է տարեկան լրացուցիչ ներդրում` մեկ անձի համար $ 1.40-ից պակաս:

Լսողության կորուստի պատճառով ֆինանսական ծախսերն ամեն տարի կազմում են գրեթե 1 տրիլիոն ԱՄՆ դոլար:

Ամբողջ աշխարհում ականջի խնամքի և լսողական պրոթեզավորման կարիքների ավելի քան 80%-ը մնում է չբավարարված:
     Աշխարհի բնակչության ավելի քան 5%-ը կամ 430 միլիոն մարդ` ներառյալ 34 միլիոն երեխա, իրենց լիարժեք կյանքին խանգարող լսողության կորուստը վերացնելու համար վերականգնման և բժշկական ծառայություններից օգտվելու կարիք ունի:
     Լսողության կորուստը վերաբերում է լավ լսողություն ունեցող ականջի ավելի քան 35 դեցիբել (դբ) լսողության կորստին: Լսողության խանգարում ունեցող մարդկանց գրեթե 80%-ը ապրում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում: Լսողության կորստի տարածվածություն աճում է տարիքի հետ՝ 60 տարեկանից մեծ անձանց շրջանում ավելի քան 25%-ը տառապում է լսողության կորստից:
     Ենթադրվում է, որ այն մարդը, ով չի կարող լսել այնքան լավ, որքան նորմալ լսողություն ունեցող անձը՝ այսինքն երկու ականջներում 20 դեցիբել կամ ավելի բարձր լսողության շեմը չի հաղթահարվում, ապա տվյալ անձը ունի լսողության այս կամ այն չափի կորուստ: Լսողության կորուստը կարող է լինել մեղմ, միջին, ծանր կամ խորը, որը կարող է ազդել ինչպես մեկ, անպես էլ երկու ականջների վրա և հանգեցնել խոսակցական կամ բարձր հնչյունների ընկալման դժվարության:
     «Լսողության խանգարում» տերմինը վերաբերում է մեղմից մինչև ծանր լսողության կորուստ ունեցող մարդկանց: Լսողության խնդիրներ ունեցող մարդիկ սովորաբար շփվում են խոսակցական լեզվի միջոցով և կարող են օգտվել լսողական սարքերից, կոխլեար իմպլանտներից և այլ օժանդակ սարքերից, ինչպես նաև ենթագրերից:
     Լսողությունից ամբողջովին զրկված մարդիկ հիմնականում ունենում են լսողության խորը կորուստ, ինչը ենթադրում է շատ թույլ լսողություն կամ ընդհանրապես դրա բացակայություն: Նման մարդիկ հաճախ օգտագործում են ժեստերի լեզուն հաղորդակցվելու համար:
     Լսողության կորուստ կարող է գրանցվել կյանքի տարբեր փուլերում, սակայն մարդիկ առավել խոցելի են դառնում կյանքի կրիտիկական ժամանակահատվածներում:
     Լսողության կորստի հիմնական պատճառներն ըստ տարիքային խմբերի բազմաբնույթ են, օրինակ նախածննդյան շրջանում դրանք կարող են լինել գենետիկական գործոնները` ներառյալ ժառանգական և ոչ ժառանգական լսողության կորուստը, ներարգանդային վարակները, ինչպիսիք են՝ կարմրախտը և ցիտոմեգալովիրուսային վարակը: Պերինատալ շրջանում ռիսկի գործոններ են` ասֆիքսիան, հիպերբիլիռուբինեմիան, ցածր քաշը, պերինատալ այլ հիվանդությունները և դրանց բուժման հետևանքով առաջացած խնդիրները:
     Մանկության և պատանեկության շրջանում ռիսկի գործոններ են՝ քրոնիկ թարախային և ոչ թարախային օտիտները, մենինգիտը և այլ վարակներ: Հասուն և մեծ տարիքում լսողության կորստի հավանական պատճառներից են՝ քրոնիկ հիվանդությունները, ծխելը, օտոսկլերոզը, տարիքային նեյրոսենսորային դեգեներացիա, հանկարծակի զգայական լսողության կորուստը:
     Այլ գործոններից, որոնք կարող են լսողության կորստի պատճառ հանդիսանալ անկախ տարիքից հետևյալն են.
     • ծծմբային խցանի առաջացում
     • ականջի կամ գլխի վնասվածք
     • բարձր աղմուկ /բարձր ձայներ
     • օտոտոքսիկ դեղամիջոցներ
     • աշխատանքի հետ կապված օտոտոքսիկ քիմիական նյութեր
     • սննդանյութերի պակաս
     • վիրուսային վարակներ և ականջի այլ հիվանդություններ
     • ուշացած գենետիկ լսողության կորուստ և այլն»։

4271 | 0
Facebook