Էլեկտրոնային դեղատոմսերը մեծ դժգոհություն են առաջացրել․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ առողջապահության ոլորտում լուրջ դժգոհություններ կան էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման հետ կապված, քանի որ հերթական բարեփոխումն իրականացվում է բացառապես ծառայություն մատուցողների հաշվին, ինչը, բնականաբար, վաղ թե ուշ հանգեցնելու է բժշկական ծառայությունների թանկացման։ Ինչպես հայտնի է, մարտ ամսից դեղատոմսերը դառնում են էլեկտրոնային։ Մոտ 470 անուն դեղերի դեպքում (հակաբիոտիկային, հակասնկային, հակամիկոբակտերային, հակավիրուսային դեղերը, իմունային շիճուկները, իմունոգլոբոլինները, պատվաստանյութերը և միզապրաստոլ պարունակող դեղերը) բժիշկը դեղը դուրս է գրելու էլեկտրոնային եղանակով, իսկ երբ բուժառուն դիմի դեղատուն, այնտեղ որոնելու են և տեսնեն նրա համար գրված դեղատոմսը։ Ի դեպ, «Արմեդ» համակարգը պետության բարձր հովանու ներքո մոնոպոլիա է սահմանելև կարողանում է ցանկացած պահի գները բարձրացնել, իսկ բժշկական ծառայություն կամ դեղատնային գործունեություն ծավալող յուրաքանչյուր ընկերություն պարտավոր է պայմանագիր ունենալ «Արմեդ» համակարգի հետ։ Մեր աղբյուրը վստահեցնում է, որ սա ևս խնդրահարույց պահանջ է և չի բխում «Լիցենզավորման մասին» օրենքի պարտադիր պահանջներից»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |