ԵՊՀ կրթական 4 ծրագիր առաջին անգամ ստացել է միջազգային հավատարմագրում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:
«Իրականացված այս գործընթացի ժամանակ ներդրված մեծ ջանքերի, ռեսուրսների ու նվիրումի արդյունքում գերմանական ASIIN միջազգային գործակալությունը հավատարմագրել է Կենսաբանության ֆակուլտետի և Ֆարմացիայի ինստիտուտի`
«Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա» (բակալավրիատական),
«Ընդհանուր և բժշկական կենսաքիմիա» (մագիստրոսական),
«Ֆարմացիա» (բակալավրիատական),
«Ֆարմացիա» (մագիստրոսական) կրթական ծրագրերը։
Աննախադեպ այս արդյունքը վերահաստատում է ԵՊՀ առաքելությունն ու հանձնառությունը․ տրամադրել որակյալ կրթություն, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին:
Այն զարգացման նոր ուղենիշներ ու լայն հնարավորություններ է բացելու մեր առաջ՝ նպաստելով կրթության որակի շարունակական բարձրացմանն ու գիտական ներուժի առավել արդյունավետ կիրառմանը։
Միջազգային հավատարմագրումը բարձրացնելու է համալսարանի, կրթական ստորաբաժանումների ու ծրագրերի վարկանիշը՝ դրանք դարձնելով առավել գրավիչ ոչ միայն հայ, այլև օտարերկրյա դիմորդների համար։ Այն ընդլայնելու է նաև շրջանավարտների՝ աշխատանքի անցնելու հնարավորությունները ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտասահմանում, խթանելու է ուսանողների և դասախոսների միջազգային շարժունությունը»,- գրել է նա: