Պակիստանում ձերբակալել են 8 մարդու, այդ թվում՝ մեկ բժշկի, որոնք ապօրինի հեռացրել են մարդկանց երիկամները՝ հարուստ հաճախորդներին փոխպատվաստելու համար: Պակիստանի Փենջաբ նահանգի կառավարության ղեկավար Մոհսին Նաքվին հայտարարել է, որ երիիկամի հեռացման վիրահատությունները բժիշկ Ֆավադ Մուխթարը կատարել է տանը, ընդ որում՝ հաճախ առանց դոնոր հիվանդների համաձայնության: Նաքվիի խոսքով՝ որպես վիրահատությունների օգնական բժշկին օգնել է մասնագիտությամբ ավտոմեխանիկը։ Այսպիսով, նրանք կատարել են առնվազն 328 վիրահատություն, որի արդյունքում մահացել է առնվազն երեք դոնոր: Հետաքննության տվյալներով՝ ձերբակալվածները երիկամներ են վաճառել 10 միլիոն ռուփիով (120 հազար դոլար) օտարերկրյա հիվանդների համար, իսկ երեք միլիոն ռուփիով՝ պակիստանցիների համար: Պակիստանում մարդու օրգանների առևտուրն օրենսդրորեն արգելվել է 2010 թվականին: