Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսպանիայում հայտնաբերված գործված սանդալն ավելի հին է, քան Արենիի կաշվե կոշի՞կը. բացատրում է հնագետը

20:42, երկուշաբթի, 02 հոկտեմբերի, 2023 թ.
Իսպանիայում հայտնաբերված գործված սանդալն ավելի հին է, քան Արենիի կաշվե կոշի՞կը. բացատրում է հնագետը

Օրերս ռուսական կայքերից մեկը հնագիտական նյութ էր հրապարակել այն մասին, որ դեռևս 19-րդ դարում իսպանական Դե-Լոս-Մուրսելագոս քարայրում հայտնաբերված հնագիտական գտածոները վերաքննության են ենթարկվել, ինչի արդյունում փոխվել է որոշների թվագրությունը։

Դե-Լոս-Մուրսելագոս քարայրի տեղադրությունը
Դե-Լոս-Մուրսելագոս քարայրի տեղադրությունը
Օրինակ, բացահայտվել է, որ ծղոտից հյուսված զամբյուղները վերաբերում են մեզոլիթի դարաշրջանին, այլ ոչ թե նրան հաջորդած նեոլիթին, ինչպես որ կարծում էին նախկինում, իսկ դա նշանակում է, որ ի դեմս Դե-Լոս-Մուրսելագոս քարայրի զմբյուղների, գործ ունենք Հարավային Եվրոպայում հայտնաբերված ամենահին զամբյուղների հետ։
Դե-Լոս-Մուրսելագոս քարայրի զմբյուղները
Դե-Լոս-Մուրսելագոս քարայրի զմբյուղները

     19-րդ դարում այս քարայրում լեռնաարդյունաբերական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են մարդկային թաղումներ, ինչպես նաև բազմաթիվ կենցաղային իրեր՝ փայտից, բուսական մանրաթելերից և ծղոտից։ Ուշագրավ գտածոներից են գործված սանդալները, որոնք թվագրվում են Նեոլիթի դարաշրջանով։
Դե-Լոս-Մուրսելագոս քարայրի սանդալները և կենցաղային իրերը
Դե-Լոս-Մուրսելագոս քարայրի սանդալները և կենցաղային իրերը
Ըստ կայքի, այս սանդալներն ավելի հին են, քան Արենիից հայտնաբերված կաշվե կոշիկը։ Այս առիթով Արենիում կաշվե կոշիկը հայտնաբերած հնագետ Դիանա Զարդարյանը մեզ հետ զրույցում նշեց․ «Մենք երբևիցէ չենք ասել, որ Արենիի կոշիկը` որպես հագուկապի տեսակ, ամենահինն է աշխարհում։ Ավելի հները կան, օրինակ Ամերիկայից հայտնաբերվածը, որը 8 հազար տարեկան է համարվում։ Բայց այդ բոլոր հին կոշիկները գործված են թելերից, եղեգից, կաշվե կտորներից։ Արենիի կոշիկը հնագույնն է համարվում միայն իր ոճի, ձևի մեջ։ Այդ ձևը 5500 տարվա մեջ գրեթե չի փոխվել, այն պատրաստված է կաշվե ամբողջական կտորից: Դեռևս 20-րդ դարի սկզբին գյուղերում պատրաստում ու կրում էին նույն տեսակի կոշիկներ՝ տրեխներ։ Հին կոշիկներից հիշատակելի են Օտցիի կոշիկները (Ալպերի սառույցներում գտնված մարդ), Իսրայելի Warrior cave-ում գտնվածները։ Դրանք Արենիի կոշիկի հասակակիցներն են, բայց ամբողջական կտորից չեն, տրեխներ չեն, այլ սանդալներ են»։
     Այսպիսով, պատրաստված լինելով ամբողջական միակտոր կաշվից՝ կարող ենք ասել, որ, Արենիի կոշիկը հնագույնն է՝ իր տեսակի մեջ։
«Արենի 1» կոշիկ կամ 5500-ամյա կաշվե ոտնաման, 5500 տարեկան կաշվե կոշիկ, որը գտնվել է 2008 թվականին գերազանց վիճակում՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի-1 կամ Թռչունների քարանձավում
«Արենի 1» կոշիկ կամ 5500-ամյա կաշվե ոտնաման, 5500 տարեկան կաշվե կոշիկ, որը գտնվել է 2008 թվականին գերազանց վիճակում՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի-1 կամ Թռչունների քարանձավում

6038 | 0
Facebook