ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել.
«Սիրելի հայրենակիցներ, ընկերներ.
հաշվի առնելով, որ փողոցում ինձ հետ տեղի ունեցած միջադեպը շարունակում է քննարկվել, ուզում եմ արձագանքել։
Նախ շնորհակալություն եմ հայտնում այն բոլոր մարդկանց, որոնք այս օրերին ինձ սատար են կանգնել և ուզում եմ մեկընդմիշտ փակել այս խոսակցությունը՝ թույլ չտալով, որ մեր երկրի առաջ ծառացած լուրջ խնդիրների կողքին նման կենցաղային թեման շարունակի շրջանառվել։
Այո, ժողովրդավարությունը ենթադրում է, որ պաշտոնյան պետք է և կարող է քննադատվել, ինչու ոչ` կարող են նաև սադրանքներ տեղի ունենալ։
Մեր խնդիրն է դրանց չտրվելը։
Ես ցավում եմ, որ ինձ ուղղված անձնական վիրավորանքից հունից դուրս եկա: Վստահ եմ, որ արժանապատվություն ունեցող որևէ հայ մարդ չէր հանդուրժի նման վիրավորանքը, սակայն ընտրված պաշտոնյայի վրա դրված բարձր պատասխանատվությունը պիտի զսպող դեր ունենա:
Սա նաև դաս է ինձ համար, որովհետև, ամենայն հավանականությամբ, ես և մեր թիմի այլ ներկայացուցիչներ ապագայում էլ կբախվենք նման իրավիճակների հետ:
Նաև սա պատշաճ առիթ է քաղաքական ընդդիմության համար, որ վերջինս վերանայի իր հռետորաբանությունը, անձնական վիրավորանքներ հասցնելու իր մարտավարությունը և վերադառնա քաղաքակիրթ բանավեճի դաշտ:
Տվյալ դեպքի կապակցությամբ ուզում եմ ներողություն խնդրել Հայաստանի Հանրապետության բոլոր ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ»։