Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Միլիոնավոր դոլարների վնաս է պատճառվել, Իջևանի դենդրոպարկի տեսականու կեսը չորացել է». Ո. Սարգսյան

01:12, կիրակի, 06 նոյեմբերի, 2022 թ.
«Միլիոնավոր դոլարների վնաս է պատճառվել, Իջևանի դենդրոպարկի տեսականու կեսը չորացել է». Ո. Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Միլիոնավոր դոլարների վնաս է պատճառվել, Իջևանի դենդրոպարկի տեսականու կեսը չորացել է
     Իջևանի դենդրոպարկի երկարամյա տնօրեն Մեխակ Սայադյանին 2021թ․ օգոստոսի 16-ին ազատեցին զբաղեցրած պաշտոնից։ Նրա ընտանիքը «Կանաչ Սիմֆոնիա» ՍՊԸ-ով երկարաժամկետ վարձակալությամբ տիրում է դենդրոպարկի տարածքի մի մասին։ «Կանաչ Սիմֆոնիա» ՍՊԸ-ն 2016թ․ մարտի 15-ին հանգստի կազմակերպման նպատակով վարձակալել է Իջևանի դենդրոպարկից 8,5 հա տարածք, վարձավճար է սահմանվել 917 հազար 147 դրամ, վարձակալության ժամկետ՝ 2040 թվականը։ 2022թ․-ի հունվարի 4-ին «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ- ը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ «Կանաչ սիմֆոնիա» ՍՊԸ-ի՝ պայմանագրի լուծման պահանջով։ Պաշտոնից ազատվելուց հետո Մ․ Սայադյանը Իջևան համայնքի Դիտավան գյուղում իրեն պատկանող հողամասում իր ընտանիքի անդամներով տնկարան է հիմնել։ Մ․ Սայադյանն իրեն աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի համար գումար բռնագանձելու պահանջներով Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան քաղաքացիական հայց էր ներկայացրել: Նա հայտնեց, որ դատարանը բավարարել է իր հայցադիմումը, վերականգնել աշխատանքում, իրեն վճարել են իր հարկադիր պարապուրդի համար հասանելիք գումարը։ 2022թ․ սեպտեմբերի 23-ից Մ․ Սայադյանը վերականգնվել է դենդրոպարկի տնօրենի պաշտոնում։ Նա հայտնեց, որ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ- ը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում հրաժարվել է «Կանաչ սիմֆոնիա» ՍՊԸ-ի հետ պայմանագրի լուծման պահանջից։ Մ․ Սայադյանը խիստ մտահոգված է շուրջ 60 տարի առաջ իր հոր՝ Լյուդվիգ Սայադյանի ստեղծած, իր ընտանիքի պահած, աճեցրած դենդրոպարկի ճակատագրով։ Ավելի քան 2 տարի առաջ Իջևանի, գինու, կոնյակի գործարանը ապօրինի շինարարություն է կատարել Աղստև գետի ափին և հունում, ապօրինաբար շուրջ 800 մետր երկարությամբ փոխել է գետի հունը, որի հետևանքով դադարել է գործել դենդրոպարկը սնող ջրառը։ 2020թ․ հուլիսի 30-ից դենդրոպարկը Աղստև գետից ինքնահոս եղանակով ոռոգման ջուր չի ստանում։ Անցած երկու տարի և երեք ամիսների ընթացքում դենդրոպարկում առկա հազվագյուտ և արժեքավոր ծառերն ու թփերը Աղստև գետի ջրով չեն ոռոգվել և չորացել են։ Մեխակ Սայադյանի վկայությամբ՝ անջրդի լինելու և շոգ ամառների պատճառով Իջևանի դենդրոպարկի տեսականու կեսը չորացել է։ Հազվագյուտ և արժեքավոր մեծ թվով ծառեր և թփեր են չորացել նաև «Կանաչ սիմֆոնիա» ՍՊԸ-ի վարձակալած 8,5 հեկտար տարածքում։ Տեղեկություններ կան, որ Շրջակա միջավայրի նախարարությունը բանակցում է Իջևանի գինու, կոնյակի գործարանի հետ՝ Աղստև գետի հունում կատարված ապօրինի շինարարության հետևանքով շրջակա միջավայրին, Իջևանի դենդրոպարկին, «Կանաչ սիմֆոնիա» ՍՊԸ-ին պատճառված վնասները վերականգնելու վերաբերյալ։ Սակայն այդ վնասները շատ մեծ են, ,իսկ առանց ոռոգման ջրի մնացած դենդրոպարկը հաջորդ տարի վերջնականապես կչորանա։ ՀՀ քննչական կոմիտեն տարիներով «քնեցրել է» Իջևանի գինու, կոնյակի գործարանի կողմից կատարված ապօրինի շինարարությունների վերաբերյալ հարուցված քրեական գործը»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
3716 | 0
Facebook