Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Առանց Ադրբեջանի ոչ ռուսական, ոչ ամերիկյան պլանները կյանքի կոչվել չեն կարող». Հայկ Հովյան

00:48, չորեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2022 թ.
«Առանց Ադրբեջանի ոչ ռուսական, ոչ ամերիկյան պլանները կյանքի կոչվել չեն կարող». Հայկ Հովյան

Գրող Հայկ Հովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին օրերին տեղի ունեցողից հետո, արդեն դժվար է հերքելը ամերիկյան «հարավկովկասյան պլան»-ի (թե ինչի համար է այդ պլանը դժվար չէ գուշակելը) գոյությունը:
     Ու որքան էլ դա ցավոտ լինի ընդունելը, Հարավ-կովկասյան բլոկի առանցքային աղյուսը Ադրբեջանն է:
     Առանց այդ երկրի ոչ Ռուսական, ոչ Ամերիկյան պլանները կյանքի կոչվել չեն կարող:
     Դա հասկանում էին ռուսները, երբ 2020-ին զորք էին տեղադրում Արցախում` փորձելով կիրառել «մտրակ-բլիթ» օպերացիան, հասկանում են նաև ամերիկացիները:
     Թե ինչպես են նրանք համոզելու, ստիպելու կամ սպառնալու Ալիևին դուրս գալ իր կոմֆորտի փառահեղ զոնայից և մահացու վտանգի տակ դնել սեփական երկիրը (Ռուսաստանի կողմից ռազմական սպառնալիքի դեպքում հարավային Կովկասում ամենից խոցելին հենց Բաքուն է) անկեղծորեն դժվար է կանխագուշակելը, բայց առանց Ադրբեջանի` Վրաստան-Հայաստան դաշինքը արևմուտքի համար միայն գլխացավանք ու վարկանիշի սպառնալիք է:
     Չի կարող լինել ոչ մի Հարավ-Կովկասյան բլոկ առանց Ադրբեջանի, մեզ դրա հետ համակերպվել է պետք ու հասկանալ մեր անելիքը: Մեզնից չէ կախված ԱՄՆ-ի մուտքը այս տարածաշրջան, այլ՝ հարևաններից....
     Հայաստանը, ցավոք, այս խաղում դեռ միայն մի դեր ունի` հենց այն «բլիթի» դերը, որ տալիս կամ չեն տալիս Ալիևին:
     Իսկ առանց մրցանակի դժվար է պատկերացնել, թե ԱՄՆ-ն կամ Ռուսաստանն ինչով պետք է մոտիվացնեն Ալիևին մտնելու մահացու խաղի մեջ:
     Գուցե պատժամիջոցների սպառնալի՞քը:
     Անկեդծորեն ես չեմ հավատում, որ գերտերությունները խաղը կսկսեն մի խաղաքարով, որը միայն վախից է համագործակցում, դա անպայմանորեն հանգեցնելու է դավաճանության` ցանկացած հարմար առիթի:
     Այսպիսով, պայքարը «Ադրբեջան» աղյուսի համար մտնում է վճռորոշ փուլ:
     Գնդակն Ալիևի դաշտում է և մնում է միայն գուշակել, թե նրա պահանջները երկու կողմերին էլ ինչպիսինն էն այս սիրախաղում:
     Մեր վիճակն, իհարկե, նախանձելի չէ ու մոտ է ողբերգականին..... Դժվար է ասել, թե մեզնից ինչ կա հիմա կախված, երևի թե մնում է միայն ձեռքը պահել զարկերակին` տեսնելու համար, թե որ կողմ է թեքվում կշեռքի նժարը և ոչ մի դեպքում «շոգեքարշից» առաջ չընկնել, անհրաժեշտ է մտքում պահել, որ երկու սցենարն էլ իրագործվելու շանս ունեն և այդ շանսը մեզնից չէ կախված, այլ Ադրբեջանից:
     Փորձել լինել առավելագույնը դժվար կծվող «բլիթ» ( ցավոք բլիթը մենք ենք) այս առևտրում:
     Եվ ոչ մի դեպքում չմոռանալ, որ այս տարածաշրջանը առանց Ադրբեջանի ոչ մեկի պետք չէ և նման է լինելու մի տան, որը դուռ չունի, իսկ հարավային Կովկասի դուռը, դժբախտաբար, մեր ոխերիմ թշնամին է.....
     Թե չեք հավատում` նայեք ցանկացած քարտեզի ու Հարավային Կովկասով հյուսիս-հարավ, արևմուտք-արևելք անցնող առանցքներին»:

Աղբյուրը` Հայկ Հովյան
9058 | 1
Facebook