Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հուսով ենք, որ ՌԴ-ի հետ սերտ համագործակցության շնորհիվ կկարողանանք տարածաշրջանային իրավիճակը կառավարել». Փաշինյան

12:42, չորեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2022 թ.
«Հուսով ենք, որ ՌԴ-ի հետ սերտ համագործակցության շնորհիվ կկարողանանք տարածաշրջանային իրավիճակը կառավարել». Փաշինյան

«2020 թվականին Ադրբեջանը պատերազմը սկսել էր այն ժամանակ, երբ միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի ամբողջ ուշադրությունը, կենտրոնացված էր կորոնավիրուսային համավարակի հետ կապված խնդիրների վրա»,- Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին հրավիրելու համար, որը, ըստ Փաշինյանի, արդյունավետ հարթակ է հարցերի լայն շրջանակի շուրջ մտքերի և գաղափարների փոխանակման համար:

«Պետք է ասել, որ ընթացիկ տարում ամենահայտնի արտահայտությունը երևի հետևյալն է, որ մենք ապրում ենք բարդ ժամանակներում, բայց եթե խորը նայենք, հարց է առաջանում՝ ե՞րբ են ժամանակները եղել հեշտ: Եթե ազնիվ լինենք, ապա մարդկության պատմությունը բարդ ժամանակաշրջանների շղթա է, այդ իսկ պատճառով մարդկությունը հորինել է այլ բանաձև, որ ցանկացած ճգնաժամային իրավիճակներ բերում են նոր վտանգներ և ստեղծում են նոր հնարավորություններ: Հիմա երկրների և կառավարությունների գլխավոր խնդիրն է, ինչպե՞ս կառավարել վտանգները և ինչպե՞ս նկատել ու օգտագործել հնարավորությունները: Այդ համատեքստում, իհարկե, բարդ են ժամանակները մեր տարածաշրջանի համար ևս, որովհետև առաջանում են կամ սրանում են այն մարտահրավերները, որոնք առկա են արդեն երկար ժամանակ»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երբ ամբողջ միջազգային հանրության ուշադրությունը և հատկապես Հայաստանի ռազմավարական գործընկերը՝ Ռուսաստանի Դաշնությունը շատ է կենտրոնացված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վրա, կան հստակ մտահոգություններ, որ դա կարող է բերել ապակայունացման Հարավային Կովկասում:

«Գիտեք, որ 2020 թվականին մենք պատերազմ ենք վերապրել, և իրավիճակը նման էր նրանով, որ այն ժամանակ, երբ Ադրբեջանը սկսել էր պատերազմը, միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի ամբողջ ուշադրությունը կենտրոնացված էր կորոնավիրուսային համավարակի հետ կապված խնդիրների վրա: Սակայն հուսով ենք, որ Ռուսաստանի, այդ թվում՝ մեր այլ գործընկերների հետ սերտ համագործակցության շնորհիվ կկարողանանք տարածաշրջանային իրավիճակը կառավարել և պահել վերահսկողության տակ, որը շատ կարևոր է նաև գլոբալ անվտանգության համար»,- եզրափակեց Փաշինյանը:

| | |
2301 | 0
Facebook