Խորհրդարանում այսօր քննարկվեց Կառավարության կողմից ներկայացված «Լիցենզավորման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը մանրամասնեց, որ նախագծով առաջարկվում է լիցենզավորել ՀՀ-ում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող տրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային միջոցների տեղադրման, գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին:
Նախատեսվում է բացառել լիցքավորման կայաններում շահագործման ժամկետը լրացած կամ վկայագրում չանցած գազաբալոնների լիցքավորումը:
Հարակից զեկուցող, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պապոյանն էլ հայտնեց, որ թեպետ այս նախագծով որոշակի անհարմարություն է պատճառվում վարորդներին, բայց դա արվում է նրանց կյանքի և առողջության անվտանգության համար: