Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ամատունի Վիրաբյանն ազատվել է աշխատանքից

17:45, երեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2020 թ.
Ամատունի Վիրաբյանն ազատվել է աշխատանքից

«Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ազատվել է աշխատանքից։ Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը:
     «Քանի որ լրատվամիջոցներից հարցումներ եմ ստանում պարոն Վիրաբյանի ազատման հիմքերի վերաբերյալ, տեղեկացնեմ, որ Արդարադատության նախարարությունը ստացված մի շարք դիմում-բողոքների հիմքով ուսումնասիրություն էր սկսել՝ ՊՈԱԿ-ի գործունեության օրինականությունը ստուգելու նպատակով և դրա շրջանակում հարցում կատարել ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ ՊՈԱԿ-ում իրականացված հարկային ստուգումների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։
     Ստացված տեղեկության համաձայն, «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը հաշվապահական հաշվառումը վարել է այնպիսի խախտումներով, որոնք առաջացրել են հարկի նվազեցում, որի արդյունքում հարկային պարտավորությունները ժամանակին չեն կատարվել։
     Վերոգրյալը հիմք ընդունելով և ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի «ժբ» ենթակետով, ՀՀ արդարադատության նախարարի հրամանով «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանի լիազորությունները դադարեցվել են և լուծվել է նրա հետ 2015 թվականի նոյեմբերի 27-ին կնքված աշխատանքային պայմանագիրը»։

4381 | 0
Facebook