Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ականատեսները պատմել են՝ ինչպես են վարվում Բելառուսում ձերբակալված ցուցարարների հետ

23:50, երկուշաբթի, 17 օգոստոսի, 2020 թ.
Ականատեսները պատմել են՝ ինչպես են վարվում Բելառուսում ձերբակալված ցուցարարների հետ

Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի ակցիայի առաջին մի քանի օրերի ընթացքում մոտ 7 հազար մարդ հայտնվել է ճաղերի հետևում: Նրանցից շատերը շարունակում են մնալ մեկուսարանում, իսկ ազատ արձակվածները, խոսում են ուժայինների աննախադեպ դաժանության, անվերջ ծաղրի և ծեծի մասին։ Հիվանդանոցներում տասնյակ տուժածներ կան, այնինչ
     ՆԳ փոխնախարար Ալեքսանդր Բարսուկովը լրագրողներին ասել է՝ «Որևէ ծաղրուծանակ չի եղել»:
     Ինչ է իրականում կատարվում բանտի պատերից այն կողմ, DW-ին պատմել են ազատ արձակված կանայք:
     Մինսկի քաղաքային մանկական ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Ելենա Բուդեյկոն նշել է, որ կալանքի տակ անցկացրած ժամերն իր կյանքում ամենասարսափելին են եղել: Նա և ևս մի քանի կամավոր բժիշկներ օգոստոսի 11-ին եղել են «Ռիգա» հանրախանութի տարածքում՝ Կարմիր խաչով սպիտակ խալաթներով և դեղորայքի հատուկ պայուսակներով։ «Մենք պայմանավորվել ենք պահպանել չեզոքություն և օգնել բոլորին»,- պատմել է Ելենան:
     Երբ բժիշկները շարժվել են դեպի կենտրոն, համազգեստով զինված մարդիկ մոտեցել են և տարել նրանց «Մինսկ-հերոս քաղաք» հուշարձանի մոտ։ Դեղորայք տեղափոխող երիտասարդին թողել են դրսում, և այդ ընթացում Բուդեյկոն սարսափելի գոռոցներ է լսել, հավանաբար, տղային ծեծել են։ «Նրա անունը Պավել է։ Այդ ժամանակից ի վեր մենք նրա մասին ոչինչ չգիտենք»,- ասել է Ելենան։
     Բժիշկներին տարել են կենտրոնի ոստիկանության բաժին։ «Քայլել թույլատրել են՝ գլուխները գետնին խոնարհած, ձեռքերը ետևում, մեզ չեն ծեծել։ Ասում էին, որ օգնություն ենք ցուցաբերում գրոհայիններին»։ «Անասոʹւն, շրջվիʹր դեպի ինձ: Ազգանոʹւնդ»,- սա է եղել առավել «սիրալիր» դիմելաձևը, որով դիմել են նրան։
     Ձերբակալվածներին առաջարկել են ստորագրել պատրաստի արձանագրություններ, նրանց, ովքեր հրաժարվել են, ծեծել են, սպառնացել ջարդել ոտքերը։
     Ստորագրելոց հետո կանայք միջանցքում կանգնել են դեմքով դեպի պատը։ Տղամարդիկ պառկած են եղել փողոցում, նրանց ստիպել են երգել Բելառուսի օրհներգը։ Նրանց, ովքեր, թիկնապահների կարծիքով, վատ են երգել, ծեծել են։
     Լսել են, թե ինչպես են աղջիկները բղավում՝ «Միʹ դիպչիր ինձ», ինչին պատասխանել են՝ «Իսկ ի՞նչ կանես»։
     «Առավոտյան մեզ դուրս բերեցին ստուգման և նորից սկսեցին սպառնալ։ Ասում էին՝ կուղարկեն Ժոդինո, կտան քսան օր ու հարազատներին չեն տեղեկացնի»,- հիշում է Ելենան։

Այս ամենը, սակայն, Ելենային չի կոտրել. նա կշարունակի ինքնակամ օգնություն ցուցաբերել բողոքի ակցիաների մասնակիցներին։
     Սվետլանա Տիխանովսկայայի շտաբի անդամ, բժիկ Օլգա Պավլովան բանտարկված անցկացրել է 5 օր: Առաջին բուժօգնության համար նախատեսված ուսապարկ է եղել նրա մոտ։ Երբ ուժայինները մոտեցել են, նա կանգնած է մնացել նույն տեղում՝ բարձրացրած ձեռքերով. Կնոջը տեղափոխել են քաղաքի ՆԳ վարչության իրավախախտումների մեկուսացման կենտրոն․«Տղամարդկանց անմիջապես սկսեցին ծեծել։ Մի աղջիկ պահանջել է դեսպանին, ապա նրան տարել են հարևան բանտախուց և ծեծել, ասել են, որ տուն չի վերադառնա»,- պատմել է Պավլովան։ Նրա խոսքով՝ առանձնակի դաժանությամբ աչքի են ընկել մի քանի թիկնապահներ՝ վառ կապույտ աչքերով մի տղամարդ և Քրիստինա անունով ցածրահասակ, շիկահեր մի կին։
     Պավլովան հայտնվել է չորստեղանոց խցում, որտեղ 36 մարդ է եղել։ Երբ բանտարկյալները խնդրել են բացել պատուհանը, նրանց վրա ջուր են լցրել։ Խոնավությունն սկսել է գոլորշիանալ, մարդիկ՝ խեղդվել: Միայն գիշերը կանանց դուրս են բերել մաքուր օդի. ձերբակալվածներից մեկը էպիլեպսիա է ունեցել, մյուսը՝ շաքարախտ, իսկ Օլգան՝ ռետինե փամփուշտներից և լուսաձայնային նռնակներից վնասվածքներ։
     Օգոստոսի 10-ին սկսել են հարցնել անձնական տվյալները, Օլգան ասել է միայն անունը և ազգանունը: «Այն, որ մեզ ծեծել են, ամենաթեթև պատիժն է։ Տղաներին ծեծում էին անընդհատ և սարսափելի ուժով։ Հերթով տանում էին միջանցք ու մահացու ծեծի ենթարկում, ապա բերում, տանում հաջորդին։
     Ես արձանագրություն չեմ ստորագրել, նրանք չգիտեին, թե ինչ անել ինձ հետ»,- ասել է կինը:

Դատարանում Օլգան ասել է, որ ձերբակալվածներին տանջում են, չեն ցուցաբերում անհրաժեշտ բուժօգնություն, նրանք օրերով քաղցած են մնում, իսկ դատավորը պատասխանել է. «Դա իմ իրավասության մեջ չէ».
     Օլգայի արձանագրության մեջ եղած տեղեկատվությունը չի համապատասխանել իրականությանը: Դա չի խանգարել կնոջ նկատմամբ դատավճիռ կայացնելուն՝ 15 օր վարչական կալանք Ժոդինոյի բանտում։ Ընդհանուր առմամբ Պավլովան բանտարկության մեջ անցկացրել է 5 օր։ Դեռ քանի մարդ է տառապում բանտերում, չգիտի, հավանաբար, ոչ ոք:

8111 | 0
Facebook