Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում հրապարակվել են Աֆղանստանում ռազմական գործողությունների վերաբերյալ նախկինում գաղտնի փաստաթղթեր

14:15, երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2019 թ.
ԱՄՆ-ում հրապարակվել են Աֆղանստանում ռազմական գործողությունների վերաբերյալ նախկինում գաղտնի փաստաթղթեր

The Washington Post պարբերականը հրապարակել է նախկինում գաղտնի պահվող փաստաթղթերը՝ Աֆղանստանում ԱՄՆ ռազմական գործողությունների վերաբերյալ: Փաստաթղթերից երևում է, որ Սպիտակ տունն ամերիկյան հասարակությունից թաքցրել է ճշմարտությունն Աֆղանստանում ռազմական գործողությունների ժամանակ իրական վիճակի մասին:
     Հրապարակումը հիմնված է Աֆղանստանում վերակառուցման հարցերով ԱՄՆ գլխավոր տեսուչ Ջոն Սոպկոյի զեկույցի տվյալների վրա, ում հանձնարարվել է ուսումնասիրել Ամերիկայի պատմության մեջ ամենաերկար զինված հակամարտության ձախողման պատճառները: «Այս փաստաթղթերի մեջ կան երկու հազարից ավելի հարցազրույցների ձայնագրություններ, նրանց հետ, ովքեր ուղղակիորեն մասնակցել են պատերազմին և կայացրել որոշումներ»,- գրում է պարբերականը: Այս փաստաթղթերը հասանելի են դարձել երեք տարի տևած թույլտվությունից հետո, որն ստացվել է տեղեկատվության ազատության մասին օրենքի շնորհիվ:

«Աֆղանստանում 18 տարի տևած ռազմական գործողությունների ընթացքում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները միտումնավոր կեղծ հայտարարություններ են արել և թաքցրել այն ակնհայտ փաստը, որ անհնար է հաղթել այս պատերազմում»,- գրում է պարբերականը:

Հաղորդվում է նաև, որ Քաբուլում և Սպիտակ տանն ԱՄՆ ռազմական հրամանատարությունը հաճախ աղավաղում էին վիճակագրությունը, որպեսզի հասարակության մեջ տպավորություն ստեղծվի, որ Միացյալ Նահանգները պատերազմում հաղթանակ են նվաճում:

Պարբերականը մեջբերում է կատարել նաև Բրաունի համալսարանի (Ռոդ-Այլենդ) քաղաքագիտության բաժնի պրոֆեսոր Նետա Քրոուֆորդի գնահատականները` համաձայն որի՝ 2001-ից ի վեր Պենտագոնը, Պետդեպարտամենտը և Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունն Աֆղանստանում ծախսել են մոտ 950 միլիարդ դոլար: Այնուամենայնիվ, այդ միջոցների օգտագործման արդյունավետությունը քիչ է եղել՝ «Աֆղանստանում կոռուպցիայի մեծ մասշտաբի պատճառով»,- նշում է The Washington Post-ը:

Ռազմական գործողություններն ԱՄՆ-ն Աֆղանստանում սկսել է 2001-ի հոկտեմբերին: 2010-2013թթ. Աֆղանստանում ԱՄՆ զորակազմն իր դաշնակիցների հետ միասին գերազանցել է 150 հազար զինվորականը: 2014-ին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հիմնական ռազմական ուժերը դուրս բերվեցին Աֆղանստանից, այժմ այդ երկրում դեռ գտնվում են մոտ 14 հազար ամերիկացի զինվոր և սպա:

| | |
3485 | 0
Facebook