Փաստաբան Մուշեղ Շուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դավիթ Գրիգորյանը հրադադարի պայմաններում ոչ հակառակորդի կողմից սպանված զինծառայողների գործեր է քննել և հաստատել պաշտոնական կեղծ վարկածները՝ ինքնասպանություն և այլն։ Դավիթ Գրիգորյանը նաև Հաց Բերող Արթուր Սարգսյանի սկզբնական կալանավորումն արտոնած դատավորն է, ով որոշման մեջ նշել էր, որ Արթուր Սարգսյանը «Սասնա Ծռեր»-ի հետ 2016-ի հուլիսի 17-ին գրավել էր ՊՊԾ գունդը։ Խնդիրը Դավիթ Գրիգորյանի անձի մեջ չէ, նա, ինչպես մյուս դատավորները, որևէ աղերս չի ունեցել, չունի և չի կարող ունենալ արդարադատության հետ. շարքային կամակատար դատավոր է եղել, ով, փեշակի բերումով, պատվերով մարդկանց դատել-դատապարտել-ազատազրկել է։ Խնդիրը Մարտի 1-ի կազմակերպիչների մի մասի (ընդամենը մի քանիսի) դատավարությունը մինչև կոկորդները հանցանքների մեջ թաղված դատական այս համակարգին վստահելու մեջ է։ Սա ներկա գործադիր իշխանության կողմից կամ դիտավորություն է (Ռոբերտ Քոչարյանը կարդարացվի և կասեն, որ անկախ դատարանն է այդպես վճռել), կամ՝ արկածախնդրություն»։