Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մի քանի դիտարկում`Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ». Արթուր Սաքունց

04:10, շաբաթ, 26 հունվարի, 2019 թ.
«Մի քանի դիտարկում`Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակի վերաբերյալ մի քանի դիտարկում անեմ, որը չգիտես ինչու համառորեն անտեսվում է

Առաջին: Ինչի՞ արդյունքում Լեռնային Ղարաբաղի դեմ 1989-94 թթ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հաջողություն և հաղթանակ արձանագրեցինք՝ ՀՀ-ում իշխանության ժողովրդավարական բնույթի և լեգիտիմության շնորհիվ:

Երկրորդ: Ինչի՞ հետևանքով միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ ունեցանք, մեղմ ասած, անբարենպաստ վիճակ՝ հայտնի Լիսաբոնյան գագաթաժողովում՝ ՀՀ-ում իշխանության լեգիտիմության բացակայության և ոչժողովրդավարական բնույթի պատճառով:

Երրորդ: Ինչի՞ հետևանքով Լեռնային Ղարաբաղը դուրս մղվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարվող բանակցություններից՝ ՀՀ-ում իշխանության ավտորիտար և ոչժողովրդավարական բնույթի խորացման պատճառով:

Չորրորդ: Ինչի՞ հետևանքով Ադրբեջանը սանձազերծեց 2016թ.ապրիլյան պատերազմը՝ իշխանության լեգիտիմության ծայրաստիճան անկման, բացարձակ ավտորիտար բնույթի հետևանքով:

Արդյոք հիմա, ՀՀ-ում իշխանության բացարձակ լեգիտիմության և ժոողովրդավարական բնույթի պայմաններում, ՀՀ-ի դիրքերը կամ Լեռնային Ղարաբաղի դիրքերն ավելի սասանվել կամ նվազե՞լ են, իհարկե ոչ:

Ավելին, ՀՀ-ում և հատկապես Լեռնային Ղարաբաղում՝ Արցախում, ժողովրդավարական զարգացումների խորացմանը զուգահեռ, ավելի ու ավելի են ուժեղանալու երկու պետությունների դիրքերը՝ միջազգային ասպարեզում և ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններում:

Ավելին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարվող բանակցություններում Լեռնային Ղարաբաղի մասնակցության վերականգնումն ավելի հեշտ լուծելու խնդիր է դարձել, քան ամբողջ նախորդ 25 տարվա ընթացքում:

Ավելին, Լեռնային Ղարաբաղի և ՀՀ-ի դեմ Ադրբեջանի դիկտատորական ռեժիմի կողմից որևէ պատերազմական սանձազերծում, 2016թ. ապրիլյան պատերազմի նման, այդ ռեժիմի մահը կլինի: Հատկապես Բաքվում և Մոսկվայում սա շատ ավելի լավ են գիտակցում:

Այսպիսով, ինչ հիմքեր կան տագնապներ ու անկանխելի վտանգների մասին սարսափներ տարածելու Լեռնային Ղարաբաղի վիճակի մասին՝ բացարձակ ոչ մի:

Վիճակը չի վատթարացել բաժանարար գծի երկայնքով ավելին, քան կար Սերժ Սարգսյանի ռեժիմի ժամանակ:

Ընդհակառակը, հայկական երկու պետությունների դիրքերն ավելի են ամրապնդված, թե ռազմական, քաղաքական, թե ռազմաքաղաքական առումներով: Եվ, ավելի են հզորանալու թե Լեռնային ղարբաղում՝ Արցախում, թե ՀՀ-ում ժողովրդավարության խորացման զուգահեռ:

Իսկ ի՞նչ նպատակ է հետապնդում նման սարսափի, անխուսափելի աղետի մասին հանրային տրամադրությունների ստեղծումը, զուտ ներքին քաղաքական նպատակ՝ կասկածի տակ դնել ՀՀ-ում իշխանությունների լեգիտիմությունը և նրա ժողովրդավարական զարգացումների մտադրությունն ու կամքի առկայությունը:
     Նման կարծիքներ և դիրքորոշումներ ունեցողները կարծես թե օրգանապես շահագրգռված են ՀՀ-ում ժողովրդավարական զարգացումների տապալման մեջ:

Իզուր են նման հույսերը:

Ճահճային իրավիճակի վերականգնմամբ շահագրգիռ են միմիայն այդ ճահճում սեփական գոյության հնարավորությունը տեսնողները:

Այսքանը, որպես ընդհանուր դիտարկում:

Մնացած վերլուծագանգային խաղերը որևէ նշանակություն չեն կարող ունենալ, ՀՀ-ում և Արցախում ժողովրդավարական զարգացումների խորացմանը զուգահեռ:

Իսկ Ադրբեջանում հնարավոր ժողովրադավարական զարգացումները ավելի են դյուրացնելու Արցախի անկախության ճանաչումը հենց Ադրբեջանի կողմից: Սա էլ վերջին համոզմունքս»:

3549 | 7
Facebook