Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քաղաքի կանաչ կերպարը կփոխվի, կտնկվեն բարձրարժեք բազմամյա ծառեր

23:40, չորեքշաբթի, 16 հունվարի, 2019 թ.
Քաղաքի կանաչ կերպարը կփոխվի, կտնկվեն բարձրարժեք բազմամյա ծառեր

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է նոր մոտեցումներ և ծրագրային հստակ քաղաքականություն որդեգրել մայրաքաղաքի կանաչապատման ոլորտում: Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խաչիկ Հակոբյանը անդրադարձել է 2019թ. ու հետագա տարիներին նախատեսված քաղաքի կանաչապատման ծրագրերին: «Մասնավորապես, այսուհետ Երևանի փողոցներում կատարվող ծառատունկի համար նոր չափանիշներ կկիրառվեն. կտնկվեն առնվազն 4 սմ տրամագծով, 2-3 տարեկան տնկիներ և բացառապես այն հատվածներում, որտեղ կա ոռոգման համակարգ: Կանաչապատմանը զուգահեռ՝ կստեղծվեն ոռոգման նոր համակարգեր. այս տարի նախատեսվում է շուրջ 5 կմ ոռոգման նոր ցանց կառուցել: 5 տարում Երևանում կտնկվի 500 հազար ծառ, ոչ միայն փողոցներում, այլև անտառ-պուրակներում:

Մասնավորապես, այդպիսի նոր տարածք կստեղծվի Նուբարաշենի աղբավայրին հարող հատվածում. ավելի քան 20 հեկտարում կտնկվեն բարձրարժեք բազմամյա ծառեր: Հեռանկարում նախատեսվում է անտառ-պուրակի սահմաններն ընդլայնել և ներառել ներկայիս աղբավայրը՝ վերջինիս ծածկումից հետո: Քաղաքի կանաչ կերպարը կփոխվի այն իմաստով, որ կտնկվեն նոր՝ ծաղկող ծառեր և թփեր, կլինեն նաև մի քանի նոր ծաղկատեսակներ»,- նշված է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի, նախատեսվում է զարգացնել ուղղաձիգ կանաչապատումը՝ պատերի, վերգետնյա անցումների, պատշգամբների ու այլ հատվածների վրա: Քաղաքի հոբելյանի առիթով Երևանին նվիրված 2800 արծաթափայլ եղևնիները կպահվեն հատուկ տարածքում այնքան ժամանակ, մինչև մասնագետները որոշեն, որ դրանք կարող են ապրել «ինքնուրույն» ու կտնկվեն արդեն իրենց տեղերում:

Խաչիկ Հակոբյանի խոսքով՝ էական է, որ քաղաքը սեփական բարձրարժեք բուսատեսակներն ունենա: Ըստ այդմ, կզարգացվեն տնկարանային և ջերմոցային տնտեսությունները: Այժմ համայնքն ունի 20 հեկտար տնկարաններ, այդ թվում՝ 6000 քմ ջերմոցային տնտեսություն: Նոր մոտեցմամբ կիրականացվի նաև ծառերի էտը, ընդ որում, էտված ճյուղերն ու փայտանյութը կմանրացվի և կօգտագործվի կանաչապատման ոլորտում: «Երևանը կհրաժարվի այն ծառատեսակների կրապատումից, որոնց համար դա անհրաժեշտ չէ, կկրապատվեն միայն դրա կարիքն ունեցող ծառատեսակները: Այս առումով 2019-ը կլինի անցումային, ընթացքում հետևություններ կարվեն՝ որոշելու հետագա տարիներին կրապատման նպատակահարմարությունը: Կկանաչապատվեն և կձևավորվեն Դավթաշեն-Աշտարակ նոր ճանապարհահատվածին, ինչպես նաև Մոնթե Մելքոնյան մայրուղուն հարող հատվածները: Հիմնանորոգվող մանկապարտեզների, դպրոցների և հանրային այլ կառույցների, նաև բակային տարածքներում ամբողջական կանաչապատում կիրականացվի, Հրազդանի կիրճն ու Երևանյան լճին հարող տարածքը կմաքրվեն:

Երևան կբերվի 8500 խմ բուսահող, և հողային հատվածը կվերականգնվի սիզամարգային հատվածներում: Օպերայի տարածքում քաղաքային իշխանության մոտեցումը ևս հստակ է: Սրճարանների փոխարեն քաղաքի ամենակենտրոնում արդեն այս տարի կկառուցվի նոր պուրակ: Կվերստեղծվի շուրջ 1 հեկտար կանաչ տարածք՝ նոր լուծումներով, բարձրարժեք ծառատեսակներով: Պուրակի նախագծման աշխատանքներն արդեն մեկնարկել են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

4657 | 1
Facebook