Չինաստանում Նոր տարին նշում են նորալուսնի ժամանակ` հունվարի 17-ից փետրվարի 19-ն ընկած ժամանակահատվածում։ Չինացիները բազմաթիվ լույսերով լուսավորում են փողոցները` համոզված լինելով, որ այդպիսով նրանք լուսավորում են Նոր տարվա ճանապարհը։ Նրանք վիշապօձերով և հրավառությամբ վախեցնում են չար ոգիներին։ Նոր տարուն Չինաստանում ընդունված է զարդարել տունը: Հնում տան մուտքի երկու կողմերին փակցնում էին թերթիկներ` բարեմաղթանքներով. դրանք առողջության, հաջողության, հաջող ամուսնության և հարստության բարեմաղթանքներ էին: Այդ ավանդույթը պահպանվել է մինչ օրս: Ավանդույթի կարևոր բաղկացուցիչ մասը տոնական ընթրիքն է, քանի որ ուտեստներից յուրաքանչյուրն իր խորհրդանիշն ունի: Օրինակ` ալյուրով, պանրով ու ձվով պատրաստված ուտեստը, ըստ հավատալիքների, համտեսողին վերադարձնում է կորցրած երջանկությունը: Ամանորյա սեղանին դրված ոստրեները հաջողություն են բերում, հում ձկան աղցանը` բարեկեցություն, ծովախեցգետինը` երջանկություն ու առողջություն: