«Այս պահին տիկին Սարգսյանն ազատության մեջ է». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստորև բերվող հրապարակումը հիշում եք անշուշտ: Դրանից հետո հանձնարարել եմ տեղեկանք պատրաստել տիկին Սարգսյանին մեղսագրվող արարքի վերաբերյալ և ստացել եմ ներքոշարադրյալ տեղեկությունները: Այս պահին տիկին Սարգսյանն ազատության մեջ է, քանի որ գործը գտնվում է Վճռաբեկ դատարանի վարույթում: Քանի դեռ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա, վարչապետը չի կարող միջամտել: Սպասենք Վճռաբեկի որոշմանը և հետո որոշենք: Բարի ծառայություն, սիրելի զինվորներ... 1. 2015-ի սեպտեմբեր - Հասմիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքին տիրանալու նպատակով գաղտնի հափշտակել է գումար, պանիր, պահածո: 2. 2016-ի հունվար - Հասմիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ապօրինի մուտք գործելով Գ. Գ-ի բնակարան, հյուրասենյակի պահարանից գաղտնի հափշտակել է զգալի չափով գումար: Պատիժ նշանակել ազատազրկում` 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Սահմանել փորձաշրջան` 5 (հինգ) տարի ժամկետով: Այսինքն՝ այս անգամ էլ ազատազրկում չի կիրառվել: 3. Հասմիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2017-ի հուլիսի 4-ին` ժամը 15-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել Մարիետա Հովհաննիսյանի բնակարան և դրամապանակից հափշտակել առկա 2 հատ 5000 դրամ անվանական արժեքի ՀՀ թղթադրամ` Մարիետա Հովհաննիսյանին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 26 հունիսի 2018թ. Ո Ր Ո Շ Ե Ց` Հասմիկ Սլավիկի Սարգսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և նույն օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտել ազատազրկման` 3 (երեք) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: |