Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ 2003թ. Արևմտյան կոալիցիայի զորքերը գրավեցին Բաղդադը` Իրաքի կառավարիչ նշանակված Փոլ Բրեմերը որոշում ընդունեց լուծարելու իրաքյան բանակը և բոլոր զինվորականներին տուն ուղարկեց: Ընդամենը մեկ ամիս անց այդ անգործ մնացած և եկամտից զրկված զինվորականները անցան պարտիզանական պայքարի և սկիզբ դրվեց մի շարժման, որ ծնեց Դաիշին: Վերջինս էլ իր հերթին տաս տարի անց ոչնչացրեց Իրաքը և տարածաշրջանը:
Երբ փոխվարչապետի մակարդակով հանցագործների բանդա հռչակված խմբավորումը չի արգելվում և թույլատրվում է նրա մասնակցությունը ընտրություններին, որ լիակատար լեգիտիմացման սկիզբ է, արդյունքն այն է, որ հազարավոր կաշառակերությամբ հարստացած և հիմա եկամուտ կորցրած անձինք, նախկին ռեժիմի հազարավոր սպասարկուներ, գումարած նոր իշխանությունից դժգոհներ` գնալու են և քվեարկելու են այն ուժի օգտին, որին ողջ ժողովուրդն արդեն վաղուց մերժել էր: Եվ եթե մերժել էր ու եթե բանդա էր, ապա անհրաժեշտ էր լուծարել կամ արգելել: Միջազգային պրակտիկա է, որ Հայաստանում ոչ ժողովրդավարական համարեցին: Հիմա այլևս ՀՀԿ-ն լուրջ հայտ է ներկայացնելու վերադարձի և աշխատելու է առաջիկա տարիներին ռևանշ ապահովելու համար: Եվ պատրաստ եղեք նրան, որ անընդհատ հայտարարելու են, որ զգալի տոկոս ունեն, հետևորդներ ունեն և լեգիտիմ ուժ են այսուհետ: Ժողովուրդն ուզում էր ազատվել ՀՀԿ-ից, բայց այն վերապրեց հեղափոխությունը: Այլ դեստրուկտիվ ուժեր նույնպես վերապրեցին: Եվ սա հարված է նախևառաջ իշխող ուժին, որ նոր ցնցումներ և նոր հիասթափություններ է ցավոք հարուցելու»: