Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 20 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Ավարտական քննությունները գիտելիքի ստուգո՞ւմ, թե՞ լրացուցիչ սթրես աշակերտի համար

17:05, երեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2018 թ.
Ավարտական քննությունները գիտելիքի ստուգո՞ւմ, թե՞ լրացուցիչ սթրես աշակերտի համար

MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, որոշ դպրոցների աշակերտներ և ծնողներ արձագանքել են ավարտական քննությունները միասնական հանձնելու մասին ԿԳ նախարարի հայտարարությանը:

«Ես կարծում եմ, որ սա ճիշտ որոշում է, քանի որ դպրոցներում կողմնապահություն է լինում՝ ծանոթ ուսուցչի աշակերտը բարձր է ստանում և այդ անարդարությունը տեսնելով՝ վատ են զգում թե՛ լավ սովորող աշակերտները, թե՛ նրանց ծնողները»,- նշում է 9-րդ դասարանի աշակերտի ծնող Հռիփսիմե Սաֆարյանը և ավելացնում, որ այսպես ուսուցիչները ոչ թե կնշանակեն, այլ կսովորեցնեն, որ աշակերտները բարձր ստանան:

Լուսնիե Կարախանյանի կարծիքով, ում երեխան նույնպես սովորում է 9-րդ դասարանում, ընդհանուր գաղափարը լավն է, ինչը կնպաստի, որ դասարաններում արտոնյալ երեխաներ չլինեն: Այս դեպքում, կգնահատվի իսկական գիտելիքը, սակայն դրան հասնելու համար նախապես պետք է երեխաներին տրվի այդ գիտելիքը: «Ինը տարի ի՞նչ են տալիս դպրոցներում, որ միասնական պահանջեն, պետք է նախ ուսուցման որակը բարձրացվի»,- նշում է նա:

Ծնողներից Էլեն Վարդանյանը նույպես գտնում է, որ նախ պետք է լուծվեն բոլոր խնդիրները՝ կապված ուսուցման որակի հետ, և նոր այդ ծրագիրը իրականացնեն:

«Քննական հարցերը պետք է լինեն ուսումնական ծրագրով, որպեսզի հիմա էլ ծնողները քննությունների համար գումարով երեխաներին պարապել չտան: Վերջապես, քննությունները գիտելիք ստուգելու և ամրապնդելու միջոց են, ոչ թե լրացուցիչ լարվածության ու սթրեսի գործիք»,- կարծիք հայտնեց նա:

Նշենք, որ աշակերտներին միասնական քննության գաղափարը վախեցնում է. «Չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է հանձնենք միասնական քննությունները, առարկաներ կան, որ, եթե հիմիկվանից էլ սկսենք պարապել, կարող է չհասցնենք»,- իր խոսքում նշեց աշակերտ Նարեկ Ավագյանը: Իլոնա Մկրտչյանի կարծիքն այս որոշման ընդունման վերաբերյալ նույնպես բացասական է. «Դպրոցում մեզ տված գիտելիքները բավարար չեն, որ առանց մասնավոր պարապմունքների բոլոր առարկաներից միասնական քննություններ կարողանանք հանձնել»:

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն Արմավիրի մարզում մեկնարկած օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակ դպրոցների ղեկավարներին տեղեկացրել էր, որ ավարտական քննությունները (9-րդ և 12-րդ դասարանների) նույնպես լինելու են միասնական: «Ես նախորդ տարի գնացել էի մի քանի ավարտական քննության, և այն տնավարությունը, որ կար այդ քննությունների ժամանակ, համարում եմ անթույլատրելի: Մենք կարծում ենք, որ այսկերպ ավարտական քննություններ անցկացնելն ամենևին չի արտացոլում աշակերտների իրական գիտելիքները: Նրանք պետք է ինքնուրույն հանձնեն իրենց քննությունները»,- ասել էր Արայիկ Հարությունյանը:

Հայտարարությունը բացասբար ընդունվեց թե՛ ծնողների, թե՞ ուսուցիչների շրջանում, որից հետո նախարարը Աժ կառավարության հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց, որ այս տարի ամբողջությամբ չեն անցնի ավարտական միասնական քննությունների, և յուրաքանչյուր դասարանում օրինակ՝ 12-րդ դասարանում, կլինի մեկ առարկա, 9-րդ դասարանում՝ մեկ կամ երկու առարկա: Նախարարը հավելեց, որ այս հարցն առայժմ քննարկման փուլում է:

| | |
2757 | 1