Մեծամորում նորածնին աղբարկղում թողած մորը մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Մեծամոր քաղաքի աղբանոցում հայտնաբերված նորածնի մահվան հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել նորածնի մորը։ Նորածնի դին հայտնաբերվել էր 2018թ. փետրվարի 26-ին՝ Մեծամոր քաղաքի աղբանոցում: Դիակի արտաքին զննությամբ նորածնի գլխի, պարանոցի, կրծքավանդակի և որովայնի շրջաններում հայտնաբերվել էին տարածուն փափուկ հյուսվածքների դեֆեկտներ, բացի այդ, բացակայել էր նախաբազկի աջ վերին վերջույթը՝ դաստակը, իսկ ձախ վերին վերջույթը` ամբողջությամբ: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է Մեծամոր քաղաքի աղբանոցում մահացած հայտնաբերված նորածնի մոր ինքնությունը, տվյալներ ձեռք բերվել փոքրիկի մահվան հանգամանքների վերաբերյալ: Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ նախնական քննության տվյալներով` նորածնի մայրը Մեծամոր քաղաքի բնակչուհի է՝ ծնված 1981թ-ին, ով խնամում է 4 երեխայի։ Նոր հղիությունը և երեխայի ծնունդը համարելով անցանկալի՝ կինը հղիության ընթացքում որևէ բժշկական կենտրոնում «կանանց կոնսուլտացիա» չի ստացել, որևէ հետազոտման, բուժօգնության չի դիմել և երեխային ծննդաբերել է տան պայմաններում: Քննությամբ հիմնավորվել է, որ 2018թ-ի փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերը, 37-ամյա կինը, Մեծամոր քաղաքում գտնվող իր բնակարանում լինելով մենակ, նկատել է ծննդաբերության նախանշաններ, մտել է լոգարան, որտեղ էլ կանգնած դիրքով ծննդաբերել է արական սեռի կենսունակ երեխա: Ծննդաբերելու ժամանակ նորածինը գլխի հատվածով ընկել է լոգարանի սալիկապատ հատակին և սկսել ճչալ, սակայն նրան որևէ օգնություն չի ցուցաբերվել։ Երբ փոքրիկը դադարել է լացել, մայրը նորածնի մարմինը դրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ, իսկ առավոտյան` ժամը 06:30-ի սահմաններում, այն տեղափոխել է շենքի բակում գտնվող աղբարկղի մեջ: Նորածնի դին 2018թ փետրվարի 26-ին հայտնաբերվել է «Մեծամորի Բարեկարգում» ՀՈԱԿ-ի աշխատակիցների կողմից: Քրեական գործով նշանակված դատաբժշկական փորձաքննության թիվ 036 եզրակացության համաձայն՝ արական սեռի նորածնի մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարման հետևանքով, որն էլ պայմանավորված է եղել գանգուղեղային փակ, բութ վնասվածքով: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Մեծամորի 37-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով (մոր կողմից նորածին երեխայի սպանություն): Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: |