Այն, ինչ տեղի ունեցավ Էրեբունիում՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, ինչպե՞ս կմեկնաբանեք՝ առևանգո՞ւմ էր, թե՞ այլ բան. «Դա ձերբակալման գործընթաց էր»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Ավելի վաղ պատգամավորների ձերբակալման մասին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում դատախազը պատասխանել էր նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին: Դավթյանի խոսքով՝ պատգամավորները ձերբակալվել են անօրինական ցույցեր կազմակերպելու համար: «Իմ կողմից նշված փաստով հարուցված քրեական գործով ձեռք բերված նյութերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել Ազգային ժողով` միայն Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ: Այնուհետև հանրությանը հայտնի իրադարձությունները տեղի ունեցան: Այն ժամանակվա վարչապետի պաշտոնակատարը գրավոր դիմեց ինձ՝ համապատասխան հիմնավորումներով պայմանավորված, ստեղծված իրավիճակի լարման հաղթահարման հետ կապված չնախաձեռնել խորհրդարանում քննարկումներ: Դրա հետ կապված նամակ ուղղեցի ԱԺ, որ այդ հարցը օրակարգից հանվի... Վստահեցնում եմ՝ ոչ մի քաղաքական նկատառում չի եղել, և ինձ ոչ ոք ոչինչ չի հանձնարարել։ Ես իրականացրել եմ մասնագիտական գործունեություն»:
Հարցին՝ ինչո՞ւ մյուսների նման չհետևեցիք Սերժ Սարգսյանի օրինակին ու հրաժարական չտվեցի՞ք, ասել է. «Սերժ Սարգսյանն զբաղեցնում էր քաղաքական պաշտոն, ես՝ ոչ քաղաքական: Դատախազությունն ապաքաղաքականացված մարմին է, կան գործունեության գնահատման չափանիշներ, դա բարձրագույն իշխանություն է ու Աժ-ն կորոշի: Վստահ եղեք՝ պաշտոնից կառչելու մոլուցք չեմ ունեցել»:
Լրագրողների հաջորդ հարցին՝ ՀՀ-ում կա՞ն քաղբանտարկյալներ, պատասխանել է. «Ոչ, չկան»: