Facebook-ը սքանավորում է Messenger հավելվածի օգնությամբ ուղարկված բոլոր հաղորդագրություններն ու արգելափակում դրանք, եթե դրանք հակասում են սոցցանցի կանոններին, գրում է Daily Mail-ը:
Բրիտանական կայքը նշում է, որ ընկերությունն ստուգում է նկարներն ու տեքստերը՝ դրանք համեմատելով սոցցանցի չափանիշների հետ:
Վերջին սկանդալից հետո այդ նորությունը մեծ աղմուկ է բարձրացրել օգտատերերի շրջանում:
Հիշեցնենք, որ սոցցանցի ավելի քան 50 միլիոն օգտատիրոջ տվյալներ էին օգտագործվել Cambridge Analytica ընկերության կողմից, որին հաջողվել էր հավաքել օգտատերերի անձնական տվյալներն ու դրանց հիման վրա քաղաքական նախասիրությունների վերլուծություն կազմել:
Բացի այդ, Facebook-ին մեղադրում են Messenger-ի օգնությամբ Android-ի օգտատերերի տվյալները տարիներով հավաքելու համար:
Սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հաստատել է նամակագրությունների սքանավորումը Vox պարբերականի հետ զրույցում: Նա նշել է, որ ընկերությունը նամակագրությունների սքանավորումը գովազդային նպատակներով չի օգտագործում:
Ավելի վաղ Ցուկերբերգը տվյալների արտահոսքի սկանդալի ֆոնին գնել էր բրիտանական թերթերում գովազդային հրապարակումները: