Ադրբեջանին չի հաջողվել Բելառուսից «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ) գնել, Հայաստանը դեմ է եղել: Այս մասին հայտարարել է բելառուսցի ռազմական փորձագետ Ալեքսանդր Ալեսինը:
«Պոլոնեզ» համակարգերը մշակվել են Բելառուսում չինական նախատիպի հիմքով:
«Մենք ցանկանում էինք «Պոլոնեզ» համակարգեր վաճառել Ադրբեջանին: Սակայն Հայաստանը՝ ՀԱՊԿ-ի մեր գործընկերը, դեմ էր: Գործարքը չկայացավ: Հավանաբար, «Պոլոնեզ»-ի առաջին գնորդը կլինի Ղազախստանը»,- «Комсомольская правда»-ին ասել է Ալեսինը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը Բելառուսի՝ ռազմական ամենախոշոր գնորդներից է: «Ադրբեջանին մենք հակաօդային համակարգեր, մասնավորապես, «Бук-МБ» զենիթահրթիռային արդիականացված համակարգեր ենք վաճառում: Ինչպես նաև, նրանց համար արդիականացնում ենք Սու-27 և Սու-25 կործանիչները»,- հավելել է փորձագետը:
Ավելի վաղ աշխարհի խնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը (SIPRI) հայտնել էր, որ Ադրբեջանը Բելառուսից 170 միլիոն դոլարի սպառազինություն է գնել: Նշենք, որ Ադրբեջանը բելառուսական հրթիռային համակարգերի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանին «Իսկանդեր-Է» օպերատիվ մարտավարական համակարգերի մատակարարումից հետո: